Երիտասարդ արվեստագետները կմիավորվեն Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնում նոր թեկնածության շուրջ: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ համատեղ ջանքերով պետք է կոմպրոմիսային լուծումներ գտնվեն՝ Նկարիչների միությունը ներկայիս ճահճային վիճակից դուրս բերելու համար: Սա վերաբերում է, մասնավորապես, Միության՝ երիտասարդ արվեստագետների հետ համագործակցությանն ուղղված գործունեության ակտիվացմանը: Երիտասարդ արվեստագետներին անհանգստացնող խնդիրներից է ցուցասրահների վիճակը, որոնք, ըստ նրանց, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: «Միությունը պետք է բարեկամական հանդիպումների եւ քննարկումների վայր դառնա, ցուցահանդեսները պետք է ակտիվորեն լուսաբանվեն լրատվամիջոցների կողմից»,- հավելեց նա:
Նրա կարծիքով՝ նկարիչների միության հեղինակությունը պետք է վերականգնվի: Մասնավորապես, այն պետք է ներգրավվի հուշարձանների տեղադրման նախագծերի քննարկման գործընթացում: «Դա կօգնի խուսափել իրավիճակներից, երբ նոր հուշարձանները հասարակության շրջանում բուռն քննարկումներ են առաջացնում, այդ թվում` բացասական»,- ասաց Հովհաննիսյանը:
«20 տարի շարունակ միեւնույն մարդու կողմից Միությունը ղեկավարելուց հետո մենք տեսնում ենք, որ այն ժամանակին համընթաց չի քայլում: Մենք կանգնած ենք փաստի առջեւ. միությանը նոր արյուն եւ նոր մտածողություն է հարկավոր, եւ սա չի հակադրվի արդեն ձեւավորված ավանդույթներին»,- ասաց նկարիչ Լեւոն Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ երիտասարդ արվեստագետները պատրաստ են առաջադրել իրենց թեկնածուին Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնում: Նրա անունը դեռեւս գաղտնի է պահվում:
Հավելենք, որ այս տարի Միության նախագահի ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա աշնանը: Այսօր այդ պաշտոնը զբաղեցնում է Կարեն Աղամյանը:





























