Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ անգամ 10 րոպե մնալ անվտանգության վակուում: EUobserver առցանց թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Խոսելով Հայաստանի անվտանգության ճարտարապետության մասին՝ Մնացականյանը նշել է, որ այսօր Ռուսաստանը դեր է խաղում, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը: «Կա՞ արդյոք ուրիշ մեկը, ով պատրաստ է օգնել: Նայեք այն երկրներին, որոնք փորձում են անդամակցել ՆԱՏՕ-ին (Վրաստան եւ Ուկրաինա): Ինչքա՞ն ժամանակ է նրանք հերթի մեջ են: Տասը տարի: Մենք անգամ 10 րոպե չենք կարող դա մեզ թույլ տալ»,- ընդգծել է նա:
Արտգործնախարարը նշել է, որ 27 տարվա ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ են պահում: Նրա խոսքով՝ Արեւմուտքը անտեսում է Ադրբեջանում տիրող ավտորիտար ռեժիմը՝ նավթի եւ գազի դիմաց՝ ցույց տալով, որ ԵՄ-ն ավելի շատ է առաջնորդվում իրական քաղաքականության սկզբունքներով, քան նրանք պատրաստ են ճանաչել: «Ազգային շահերը առաջնորդում են յուրաքանչյուր իշխանության տեսլականը: ԵՄ-ն բարձր է գանահատում էներգետիկ շահերով պայմանավորված հարաբերությունները»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Եվրասիական միությունը վատ եւ ոչ ֆունկցիոնալ չէ, այն հնարավորություն է, եւ միության անդամներն օգուտներ են քաղում դրանից: Լրագրողի հարցին, թե ինչ կանի Ռուսաստանը, եթե Երեւանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար, Մնացականյանը պատասխանեց. «Հայաստանում տեղի ունեցածը ձեզ համար բավականաչափ ժողովրդավարակա՞ն չէ: Դա բավարար լա՞վ չէր: Թե՞ դա պետք է անպայման հակառուսական լինի՝ ժողովրդավարական համարվելու համար»:





























