Մեքսիկայի Թուլթեփեկ քաղաքում հրավառության նյութերի պայթյունի հետեւանքով 24 մարդ է զոհվել, այդ թվում՝ հրշեջներ, որոնք եկել էին տուժածներին օգնելու, փոխանցում է «Գոլոս Ամերիկիի»–ն։
Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ զոհվածների թվում 4 հրշեջ կա եւ երկու ոստիկան։ Նրանք օգնության են շտապել առաջին պայթյունից հետո եւ զոհվել են հաջորդ պայթյունի ժամանակ։
Պայթյունի հետեւանքով ավերվել են 4 շենքեր, վիրավորվել են մի քանի տասնյակ մարդիկ։
Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն նշել է, որ պայթյունը սկսվել է չլիցենզավորված արհեստանոցում, այնտեղից այրվող նյութերը օդ են բարձրացել, ինչը հանգեցրել է եւս չորս պայթյունների:
Թուլթեփեկը հայտնի է հրավառության նյութերի արտադրությամբ եւ դրա հետ կապված հաճախակի տեղի ունեցող միջադեպերով։





























