Տիեզերական աղբի խնդրի լուծումը ուղղակիորեն կապակցված է իրավաբանական ասպեկտների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Հրթիռա- տիեզերական տեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Իշկովը։
Նրա խոսքով՝ տիեզերական աղբի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել տիեզերական ոլորտի խոշոր չափսերի տարրերին ՝ օրինակ հրթիռների հին աստիճաններին։ «Դրանց քայքայման հետեւանքով տիեզերական աղբի քանակությունը սկսում է բազմապատվել։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է մշակել դրանց հեռացման ու ուտիլիզացման մեխանիզմներ»,- նշել է Իշկովը։
Փորձագետներին մտահոգում է գեոստացիոնար ուղեծիրը, որտեղ դիտարկվում է օբյեկտների բարձր խտություն։ «Նրանցից շատերը չեն աշխատում, ինչի հետեւանքով սկսվում է միմյանց վրա դրանց փոխազդեցությունը։ Դրանք պետք է դուրս բերել հատուկ ուղեծրեր, ինչը շատ էներգատար պրոցես է»,- ասել է նա։
Իշկովը տեղեկացրել է, որ տիեզերական տարածության աղտոտման տեմպերը որոշ չափով նվազել են։ Դա հնարավոր է, մասնավորապես, բացատրել նրանով, որ որոշ արբանյակներ ի սկզբանե ցածր ուղեծիր են արձակվում։ Եւս մեկ ասպեկտ՝ ուտիլիզացման ժամանակ նանոարբանյակը այրվում է մթնոլորտում, ինչը Երկրի համար գրեթե ոչ մի վտանգ չի ներկայացնում։
Տիեզերական աղբի ուտիլիզացման տեխնոլոգիաները մշակվում են աշխարհի տարբեր երկրներում։ Մինչդեռ փորձագետները համամիտ են, որ այս կամ այն օբյեկտների մշակման փուլում է պետք մտածել դրանց ուտիլիզացման իրավաբանական հարցերի մասին։
Տիեզերական աղբ ասելով՝ նկատի ունեն բոլոր արհեստական օբյեկտները ու դրանց կտորները տիեզերքում, որոնք արդեն անսարք են, չեն գործում ու երբեք այլեւս չեն կարողանա ծառայել որեւէ օգտակար նպատակների։ Միաժամանակ դրանք ազդեցության վտանգավոր գործոն են գործող տիեզերական սարքերի համար, հատկապես կառավարվող։ Որոշ դեպքերում ՝ խոշոր կամ վտանգավոր (միջուկային, թունավոր եւ այլն) նյութեր պարունակող օբյեկտները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Երկրի համար։ Վտանգ կարող է առաջանալ նաեւ ուղեծրում դրանց անվերահսկելի շարժման ու մթնոլորտի ամուր շերտերն անցնելիս ՝ թերայրման դեպքում։





























