Հայաստանի վարչապետի այցը Բելգիա իսկապես կարեւոր նշանակություն ուներ, քանի որ սա Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն էր Եվրոպա: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայազգի բանասեր Նարինե Դիլբարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում եւ ձգտում է բալանսավորել իր արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը եվրոպական կառույցների հետ: «Ինչպես հայտարարել է Փաշինյանը, ժողովրդավարությունը մեզ համար արժեհամակարգ է, եւ այս առումով այժմ շրջադարձային պահ է»,- ասաց Դիլբարյանը:
Ընդ որում, բանասերի խոսքով, Փաշինյանը, որպես կառավարության ղեկավար, պետք է բոլոր մակարդակներում թիմ ձեւավորեր, որն իր փոխարեն կնախապատրաստեր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին հանդիպումները, հայաստանյան պատվիրակությունը չափազանց հապճեպ էր գործում՝ հույց ունենալով, որ Եվրոպայում իրենց հիացմունքով եւ ուրախությամբ կդիմավորեն: «Այս աշխատանքը պետք է ոչ միայն Փաշինյանն իրականացներ: Վարչապետը կարող էր հրահանգներ տալ, իսկ թիմը պետք է աշխատեր եւ նախապատրաստեր փաստաթղթերը, հանդիպումները, դեսպաններին»,- ասաց Նարինե Դիլբարյանը:





























