2018 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հունիս ամիսը IRIS ծրագիրը կնպաստի Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքն ապահովելու ազգային քաղաքականության իրականացմանը՝ նրանց լիարժեք պաշտպանությամբ եւ ինտեգրմամբ: Այս մասին հուլիսի 18-ին Երեւանում «Մարտահրավերների հանդեպ Սիրիայի հայերի և տեղի բնակիչների դիմադրողականության բարձրացումը» ծրագրի շնորհանդեսին հայտարարեց Հայկական Կարմիր Խաչի ղեկավար Աննա Եղիազարյանը:


Ծրագիրը նախատեսում է բարելավել առկա բժշկական եւ սոցիալական ծառայությունների մատչելիությունը մոտ 9000 սիրիահայերի համար, մոտ 300 ընտանիքի բնակարանային պայմանները, ընդլայնել 200 գործարարի տնտեսական հնարավորությունները եւ նպաստել ավելի քան 3000 երեխայի ինտեգրմանը հայ հասարակության մեջ:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ավստրիական Կարմիր խաչին ցուցաբերված աջակցության համար՝ նշելով, որ Ավստրիական Կարմիր Խաչի ղեկավարությամբ իրականացվող IRIS ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության տարածաշրջանային ֆոնդի (MADAD) կողմից եւ համաֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 3.3 մլն եվրո է կազմել: