Ակնհայտ է, որ Փանիկ գյուղի միջադեպն ուղղված էր նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին հուլիսի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արեւելագետ, ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:
Նա նշեց, որ համաձայն է հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիրքորոշմանը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե այս միջադեպից պատմություն սարքել չարժի, քանի որ որպես այդպիսին, ոչ մի լուրջ բան չի եղել: «Ես չգիտեմ՝ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը հայկական կողմին արդյոք նախազգուշացրել է: Նրանք պնդում են՝ այո: Դրանից ելնելով՝ ես չեմ կարող բացառել, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո այնպիսի իրողություններ են առաջացել, որ հին եւ նոր իշխանության միջեւ բացահայտ կամ քողարկված առճակատումը սուր ձեւեր է ընդունել»,- պարզաբանեց փորձագետը:
Միաժամանակ, արևեւելագետը լրագրողներին հակադարձ հարց տվեց՝ իսկ հայկական կողմը գիտե՞ր այդ վարժանքների անցկացման մասին, եւ եթե այո, ապա հայկական կողմից ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Փորձագետի կարծիքով՝ այս հարցը հստակեցման կարիք ունի:
Ի պատասխան հարցին՝ Փանիկի միջադեպը կարո՞ղ էր կապված լինել Բրյուսել Փաշինյանի այցի հետ, եւ արդյոք սա Ռուսաստանի կողմից հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջո՞ց չէր, քաղաքագետը շեշտեց, որ եթե Մոսկվան Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները ընկալեր որպես իր ազգային շահերի սպառնալիք, ապա քաղաքական տարածքում զգալիորեն ավելի խիստ կգործեր:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրին, ապա Կարինե Գեւորգյանի կարծիքով՝ այն ռազմական չէ եւ Կրեմլի կողմից ոչ մի դժգոհություն չի առաջացրել: «Պատժամիջոցների տակ գտնվելով՝ Ռուսաստանը, հակառակը, շահագրգռված է Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությամբ, քանի որ Երեւանին որպես գործընկեր ընդունելով՝ կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք կարող են առաջանալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հետեւանքով»,- եզրափակեց ռուսաստանցի փորձագետը
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների եւ պայթյունների ձայն էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կրակոցների հեղինակները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, ռուս գնդապետ Վլադիմիր Էլկանովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ համաձայնեցված միջոցառումն ընդգրկվել էր 2018 թվականի բազայի ռազմական պատրաստվածության ծրագրում: Նշվել է նաեւ, որ հրամանատարությունը սահմանված կարգով տեղեկացրել է լիազորված մարմիններին: Սակայն, հաշվի առնելով, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է հայտնել եւ հավաստիացրել, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի բազայից դուրս անցկացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում:





























