Արաբական աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները պահանջում են, որ Հայաստանի հետ որոշ զուգահեռներ անցկացվեն։ Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։
«Սոցիալական բունտն էմոցիոնալ պոռթկում է, որը կարող է լինել անգամ ամենաբարեկեցիկ երկրներում եւ ամենաարդար սոցիալական իրավիճակներում։ Բայց զուգահեռներ անցկացնել արաբական երկրների հետ բացարձակ անտրամաբանական է թեկուզ այն պատճառով, որ մենք արաբ չենք։ Այդպիսի զարգացումների հավանականությունը հնարավոր չէ բացառել, բայց ոչ մի բունտ որեւէ դրական արդյունքի չի հանգեցրել։
Բունտը վաղ թե ուշ կավարտվի, բայց դրա արդյունքների եւ հետեւանքների մասին շուտ է խոսել։ Արաբական աշխարհի իրադարձությունների Հայաստանում կրկնվելու հնարավորությունը չնչին եմ համարում»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով Թուրքիայից եւ Չինաստանից ապրանքներ ներմուծող առեւտրականների բողոքին եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից փողոցային առեւտուրն արգելելու հարցերին՝ Բադեյանը նկատեց, որ ցուցարարների պահանջները վկայում են նրանց անգրագիտության մասին։
«Մաքսատները ոչ սահմանել են, ոչ էլ կարող են բարձրացնել մաքսային գները։ Նրանք այդպիսի իրավունք չունեն։ Իսկ ցուցարար քաղաքացիների կամայական մեկնաբանությունները խոսում են նրանց անգրագիտության մասին։ Ես թեպետ չեմ տիրապետում իրավիճակի, սակայն եթե այս իրավիճակում կան կամայականություններ, քաղաքացիները պետք է ապավինեն օրենքին։ Ինչ վերաբերում է փողոցային առեւտուրն արգելելու քաղաքապետարանի որոշմանը, ապա այն անկասկած տեսականորեն ճիշտ որոշում է։ Դրա ժամանակն է, թե ժամանակը չէ, այլ հարց է։ Մի օր այդ հարցը կտրականորեն պետք է լուծվի, սակայն փոխարենը առեւտրականներին այլընտրանք պետք է առաջարկվի։ Դրան պետք էր մինչեւ արգելքի քայլին գնալը նախաատրաստվել։ Իսկ որ այդ քայլն անհրաժեշտ էր, երկրորդ կարծիք չի կարող լինել»,-համոզմուն ք հայտնեց Մանվել Բադեյանը։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է մայրաքաղաքի փողոցային առեւտուրը, ինչը հարուցել է փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիների զայրույթը։ Վերջին օրերին նրանք ցույցեր են կազմակերպել ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ։





























