Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքին հավանության մակարդակը հակառեկորդ է սահմանել տեսանյութի հրապարակումից հետո, որում նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բենալան ցուցարարի է ծեծում: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Journal du Dimanche պարբերականի համար lfop կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Նշվում է, որ Մակրոնի գործունեությանը հավանություն է տվել ֆրանսիացիների 39 տոկոսը: «Նրա հանրաճանաչությունը կառավարման սկզբից սկսած երբեք այսքան ցածր չի եղել»,- նշում է պարբերականը: Հարցումն անցկացվել է հուլիսի 18-19-ը եւ 25-27-ը, որին մասնակցել է 1981 մարդ:
Հուլիսի կեսին հայտնի է դարձել, որ 2017 թվականի մայիսի 1-ին Կոնտրեսկարպ հրապարակում ցույցի ժամանակ ոստիկանական սաղավարտով Բենալան ծեծել է ցուցարարներից մեկին: Այս մասին հայտնել է Le Monde պարբերականը: Հրապարակումից հետո Բենալային կալանավորել են, ավելի ուշ այս գործով կալանավորվել են եւս երեք ոստիկաններ: Reuters-ի եւ Europe 1-ի տեղեկություններով՝ սկանդալից հետո Մակրոնը որոշել է իր նախագահական աշխատակազմը վերակազմավորել:





























