Հունական գերատեսչություններն ու ծառայությունները պատրաստ չէին պայքարել խոշոր անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել էին մայրաքաղաքի արեւելյան՝ Ատտիկա հատվածում եւ հանգեցրել 88 մարդու մահվան։ Կիրակի օրը այսպիսի խոստովանությամբ է հանդես եկել Հունաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ էներգետիկայի նախարար Յորգոս Ստատակիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ չէինք պայքարել այդպիսի արտակարգ երեւույթի դեմ»,-շեշտել է նախարարը՝ նշելով, որ կրակը գրեթե ամբողջությամբ  ոչնչացրել է Մատի քաղաքամերձ ավանը, որը գտնվում է Աթենքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, ապա տարածվել է բարձր արագությամբ եւ իշխանություններն տարհանում իրականացնելու ժամանակ ուղղակի  չեն ունեցել։

Նա հավելել է, որ հաշվի առնելով հրդեհի աղետալի հետեւանքները՝ այժմ անհրաժեշտ է բարեփոխել Հունաստանի քաղաքացիական պաշտպանության ամբողջ ծառայությունը։