«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռ քննարկվում է առաջիկա ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու եւ մասնակցության ձեւաչափի հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը:
«Քննարկումներ անցկացնում ենք, որեւէ բան այս պահին չեմ ցանկանում հրապարակել, քանի որ սպասում ենք մեր գործընկերների արձագանքին այն մասով, որ դեռեւս քննարկվում է մասնակցության ձեւաչափը: Երբ ձեւաչափը հայտնի լինի, կարծում եմ՝ շատ արագ հայտնի կլինի նաեւ թեկնածուն»,- ասաց նա` նշելով, որ այս պահին չի կարող թեկնածուների անուններ տալ:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ ամեն երկուշաբթի իրենք կուսակցությունում խորհրդի կառավարման նիստեր են անցկացնում եւ քննարկում են այս հարցերը:
Նշենք, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցել է դաշինքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ: Այս ընտրությունների հետ կապված դաշինքի անդամ կուսակցությունները դեռ չեն շտապում հայտարարել իրենց մասնակցության ձեւաչափը՝ նշելով, որ դեռ քննարկումների փուլում են:





























