Մոսկվայի դատախազությունը դատարան է ուղարկել Արմեն Ջիգարխանայնի նախկին կնոջ, նրա թատրոնի նախկին գլխավոր տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ հարուցված քրեական գործը, «Ինտերֆաքսին» հայտնել է Մոսկվայի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան:
«Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով (մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում, անձի մասնավոր կյանքի մասին, նրա անձնական գաղտնիքը համարվող տեղեկությունների ապօրինի ձեռքբերում՝ առանց նրա գիտության եւ այդ տեղեկությունների հրապարակում լրատվամիջոցներում)»,- հայտնել է Նեֆեդովան:
Դատախազության ներկայացուցիչը մեղադրյալի ազգանունը չի հրապարակել:
Անցած շաբաթ հաղորդվել էր, որ Մոսկվայի Հարավարեւմտյան շրջանի դատախազությունը հաստատել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով մեղադրական եզրակացությունը:
«Քննության վարկածով՝ կինը թատրոնի աշխատասենյակներից մեկում տեսախցիկ է տեղադրել, որը մոնտաժվել է առաստաղի շրիշակի տակ՝ թաքնված տեսահսկում կատարելու նպատակով»,- ասել է Նեֆեդովան:
Հետագայում, նրա խոսքով, «անձնական գաղտնիք պարունակող տեսանյութը ցուցադրվել է կենտրոնական ալիքներից մեկի եթերում»:
Մարտի վերջին Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական էր համարել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բանկային պահոցից ավելի քան 1 ռուբլու հանումը: Նշված դրամական միջոցների վրա կալանք էր դրված մասնավոր կյանքի անձեռնմխելիության քրեական գործի շրջանակում (ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մաս):
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հաստատել է, որ դերասանի նախկին կնոջը նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
Մոսկվայի Կունցեւսկի շրջանի հաշտարար դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 27-ին ամուսնալուծել էր Ջիգարխանյանին եւ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային:





























