Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը երեքշաբթի հայտարարել է, որ Կանադան կշարունակի հանդես գալ մարդու իրավունքնոերի պաշտպանությամբ, չնայած Սաուդյան Արաբիայից իր դեսպանի արտաքսմանը, հայտնում է CBC հեռուստաալիքը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում ակտիվիստների կալանավորման հարցում Կանադայի դիրքորոշումը «հիմնված է խեղաթյուրված տեղեկատվության վրա», իսկ նշված անձանց կալանավորումը կատարվել է երկրի դատական համակարգի համաձայն, որը երաշխավորում է նրանց իրավունքների պահպանումը:

«Կանադան իր դիրքորոշումից գոհ է: Մենք մշտապես հանդես կգանք մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությամբ: Այս դիրքորոշումը չի փոխվի»,- ասել է Ֆրիլանդը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ Էր Ռիադում Կանադայի դեսպանատունը բաց կմնա, իսկ հյուպատոսական ծառայությունները մատուցվում են նախկին ռեժիմով, չնայած Սաուդյան Արաբիայից Կանադայի դեսպանի արտաքսմանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հայտարարություններին, որ Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը ծրագրում է Կանադայում սովորելու համար կրթաթոշակ ստացող հազարավոր աշակերտների տեղափոխել այլ երկրներ, Ֆրիլանդը պատասխանել է, որ «ամոթ է երեխաներին զրկել Կանադայում սովորելու հնարավորությունից»:

Ավելի վաղ Էր Ռիադում Կանադայի դեսպանատունը սաուդյան իշխանություններին կոչ էր արել իրավապաշտպաններին «անմիջապես ազատել», որոնք իրենց չեն արատավորել բռնությամբ: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ափսոսանք էր հայտնել «երկկողմ հարաբերությունների համար նման անընդունելի ձեւակերպմամբ»:

Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, եւ կոչ էր արել երկուսին էլ ազատել:

«Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգեւորականությանը եւ կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաեւ իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ:

Կանադացի դիվանագետների հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Օտավայում իր դեսպանին հետ էր կանչել, ինչպես նաեւ Էր Ռիադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել՝ նրան 24 ժամ տալով երկրից հեռանալու համար:

Դրանից բացի, Սաուդյան Արաբիան հայտարարել էր  Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային ու ֆինանսական գործարքները սառեցնելու մասին, կասեցրել էր համատեղ կրթական ծրագրերը եւ սաուդցի ուսանողներին Կանադա ուղարկելը: