Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում հայտնվել են Սիրիայում բողոքի ակցիաներ անելու առաջին կոչերը։ Կոչերի հեղինակներն առաջարկել են փետրվարի 4-ին  եւ 5-ին երկրի ողջ տարածքում «Զայրույթի օրեր» անցկացնել, իսկ ոմանք պատրաստ են փողոց դուրս գալ արդեն այսօր եւ պիկետ անել Դամասկոսի կենտրոնում՝ Ժողովրդական Խորհրդի (հանրապետության խորհրդարանի) առջեւ։

Նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է բողոքի ակցիաների գաղտնի կազմակերպիչներին՝ նշելով, որ այս տարի պատրաստվում է քաղաքական եւ տնտեսական կարեւոր բարեփոխումներ կատարել։

Ասադի խոսքով, «արաբական փողոցներում տեղի ունեցող հեղափոխությունները կատարվում են, քանի որ մարդիկ կարիք ունեն փոփոխությունների»։ Նախագահը Սիրիայում առկա իրավիճակը հանգիստ է որակել։

Սոցիալական ցանցերում տարածված հայտարարություններում նշվում է, որ «ազատության համար պայքարի նախապատրաստվողները» հանդես չեն գալիս Բաշար Ասադի անձի դեմ, այլ չեն ընդունում «կառավարման ավտորիտար ոճը»։