Ինչպես թերթին փոխանցել է խոշոր ձկնաբույծներից մեկը, այս օրերին հասունանում է եւս մի լոկալ «ապստամբություն». ձկնաբույծները պատրաստվում են դեմ գնալ կառավարության նորամուծություններին, որոնք ոչ միայն սպառնում են իրենց բիզնեսի զարգացմանը, այլեւս դրա գոյությանն ընդհանրապես։ Թերթի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է խորքային հորերի վրա ջրաչափերի տեղադրման պահանջին։

Կառավարությունը նույնիսկ վերջնաժամկետ է նշանակել. մինչեւ փետրվարի վերջը բոլոր ձկնաբուծարաններում պետք է ջրաչափ տեղադրեն։ Երեկ նրանք, ըստ թերթի, պետք է հանդիպեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները եւ, շատ մարտական էին տրամադրված, որովհետեւ ձկնաբույծների շրջանում կարծիք կա, թե իշխանությունները մտադրվել են այս բիզնեսը եւս մոնոպոլացնել, մանավանդ որ խոսքը ոչ միայն Հայաստանում սպառվող ապրանքի մասին է, այլեւս արտահանվող։ Թերթը հիշեցնում է, որ հայկական ձկնամթերքը անցյալ տարվանից մուտք է գործել ռուսական շուկա եւ շատ եկամտաբեր գործ է։ Այնպես որ, ձկների լռությունը շուտով կպայթի։