«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Ներքաղաքական իրադարձությունների սակավության ֆոնի վրա ԲՀԿ-ՀՀԿ վեճը փոքր-ինչ չափազանցված գույներով է ներկայանում։ Կողքից սառը հայացքով նայելիս կարելի է արձանագրվել հետեւյալը. Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանը չէր անդամակցում որեւէ կուսակցության եւ գերադասում էր արբիտրի դերը։ Ինքնին դա միանգամայն ճիշտ պնդում է եւ որեւէ մեկի «թասիբին» չի կպնում։
Կարելի է վիճել, իհարկե, արդյոք երկրորդ նախագահը ճի՞շտ էր վարվում, թե՞ սխալ։ Ինձ թվում է՝ սխալ էր, որովհետեւ դրանով նսեմացվում էր կուսակցությունների եւ, որպես հետեւանք, քաղաքականության նշանակությունը։ Բայց երբ ԲՀԿ նախագահն ասում է՝ «եթե Քոչարյանն ուզեր, կդառնար այս կամ այն», դա արդեն պայմանական եղանակի ոլորտից է, որը, ինչպես հայտնի է, անցյալի, պատմության նկատմամբ կիրառելի չէ»։




























