Ռուսաստանն իր ռազմական կոնտինգենտը ՆԱՏՕ-ի երկրների սահմանների մոտ առաջ չի տանում, իսկ դաշինքի անդամ պետությունները, ընդհակառակը, ենթակառուցվածքները մոտեցնում են Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մեր ռազմական կոնտինգենտները մեր սահմաններից առաջ չենք քաշում դեպի ՆԱՏՕ-ի երկրներ, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը շարժվում է դեպի մեր սահմանները, ավելանում է անձակազմի քանակը, ավելի շատ տեխնիկա է հայտնվում մեր սահմանների մոտ եւ ավելի շատ զորավարժություններ են անցկացվում», — ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստյոյի հետ բանակցություններից հետո ասուլիսում ասել է Պուտինը:

Նա նշեց, որ այժմ էլ ՌԴ-ի անմիջական հարեւանությամբ ՆԱՏՕ-ի մեծ զորավարժություններ են նախատեսված, այդ թվում Բալթիկայի շրջանում:

Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ քննարկել ռազմական ինքնաթիռների թռիչքները, սակայն դաշինքը հրաժարվում  է, դա ոչ կառուցողական դիրքորոշում է:

 «Մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի գործընկերների հետ քննարկել դա, բայց նրանք հրաժարվում են: Ես կարծում եմ, որ սա ոչ կառուցողական դիրքորոշում է, մենք հուսով ենք, որ այն կփոխվի», - ասել է Պուտինը: