Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանիքին ոչ մի կերպ չի ազդել երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության վրա: Այս մասին Նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես օգտվեցի նրա այցից, որ  քննարկեմ արդիական հարցերը, օրինակ, Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները: Ինչ վերաբերում է Եվրոպայում մեր դիրքորոշմանը, ապա հարսանիքն այն չի փոխել: Ռուսաստանի հետ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները հասկանալի են, եւ մեր դիրքորոշումը Եվրամիության շրջանակներում նույնպես հասկանալի է», - ասել է Կուրցը:

 Տրանսպորտի նախարար Նորբերտ Հոֆերն իր հերթին ասել է, որ «Ավստրիան շատ բանով է պարտական եւ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին», սակայն մնում է չեզոք երկիր եւ պարտավոր է միջնորդ լինել:

Կառավարության հասցեին քննադատությանը, որը սկսվել էր ՌԴ նախագահի այցից հետո, պատասխանել են  նաեւ կառավարության մյուս անդամները:

Կանցլերի տեղակալ Հայնց Կրիստիան Շտրախեն հատուկ ուշադրություն է դարձրել ԱԳ նախարար Կնայսլին, ով պարի ժամանակ խոնարհվել էր Պուտինի առջեւ: Այս քայլի համար ԱԳ նախարարին սոցցանցերևում քննադատել են:

 «Եթե կարծում եք, որ «Էլմայեր» դպրոցի քաղաքավարությունը դա հնազանդության նշան է, ապա խորհուրդ եմ ձեզ տալիս կարդալ Կնիգե եւ գնահատել դա: Սա լիովին նորմալ երեւույթ է Վիեննայի օպերայի ամենամյա պարահանդեսներին: Այստեղ մենք կարող ենք խոսել բարձր դիվանագիտության մասին բառի լավ իմաստով»: