Մեր բուհերն ունեն ուսանողի և դիմորդի խնդիր: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդները ընդունվում են բուհեր, բացառությունը միայն Երևանի բժշկական համալսարանն է: Ինչումն է բանը` դեռևս խորհրդային տարիներից բժշկական ինստիտուտը իր քաղաքականության մեջ եղել է արտերկրյա ուսանողների ներգրավումը եւ դա հնարավորություն է տալիս, որ ինստիտուտը չունենա ուսանողի եւ դիմորդի խնդիր եւ, հետեւաբար, շատ ավելի լավ տնտեսական եւ ռազմավարական վիճակում լինի. շատ ավելի մեծ պլանների հետ գործ ունենա»,-ասել է նա:
Վարչապետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ:
«Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ հազարավոր ուսանողներ բերի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ պետք է նաև այնպես անել, որ գիտությունը գործնական քայլեր անի տնտեսության հետ կապված:
Նա հավելել է, որ ՀՀ պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր:





























