Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 23-ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով սահմանվում են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:

Հարցը ներկայացրեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշելով, որ այս նախագծով սահմանվում են այն գետերի ցանկը, որտեղ ընդհանրապես արգելվում է փոքր հէկ-երի կառուցումը. «Դրանց մեջ մտնում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ ունեցող գետերը, այն գետերը, որտեղ խողովակներով ծանմրաբեռնվածությունը գերազանցում է 40 տոկոսը: կան գետեր, որտեղ այդ ծնրաբեռնվածության ցուցանիշը 50 տոկոս է: Արգելվում է փոքր հեկերի կառուցումը նաեւ բնության հուշարջձաններից 150 մետր շառավղող տարածքներում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ փաշինյանը հարցրեց, թե այս փաստաթուղթն ընդունելուց հետո Հայաստանում կմնա՞ն գետեր, որոնք վրա հնարավոր կլինի փոքր հէկ-եր կառուցել, ինչին նախարար Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ հաստատված ռազմավարությամբ սահմանված ծավալը գերազանցվել է, որով պետք է հէկ-էր կառուցվեին Հայաստանում. «Այս կարգավորումները չի վերաբերում արգելմանը, հակառակը, վերաբերում է նրան, որ փոքր հէկ-երը, որոնէ էկոլոգիապես ավելի ընդունելի են, լինեն դրանք»: Նախարարը նշեց, որ մասնավորապես Եղեգիս գետի ծանրաբեռնվածությունը խողովակներով հասնում է 53 տոկոսի:

Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի եւ այդ  լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգիքի 34-րդ, 33-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը:

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք  ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության եւ հրատապ լուծում են պահանջում:

Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով եւ հայտնվում  ճգնաժամային վիճակում:

Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները;