Ամուլսարի հանքավայրում թթվային դրենաժը լուրջ վտանգ է ներկայացնում հիդրոբիոնտների համար (ջրային օրգանիզմների)
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
«Թթվային դրենաժը լուրջ սպառնալիք է, քանի որ թթվային պայմաններում հիդրոբիոնտները սկսում են մահանալ: Մասնավորապես, դա վերաբերում է գորտերին, որոնք շատ զգայուն են թթվայնության բարձրացման նկատմամբ», - ասաց Ղուկասյանը: Մինչդեռ, նա խոստովանեց, որ այս փուլում ոչինչ չի կարելի կանխագուշակել, քանի որ փորձագետները չգիտեն, թե գետերում ինչպես կփովի pH-ի մակարդակը:
«Ամեն դեպքում, հանքարդյունաբերությունը բացասական ռիսկեր է պարունակում, հատկապես բաց հանքավայրերը», - ասաց նա:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ամուսարի ջրային էկոհամակարգերի մշտական ուսումնասիրություններ են կատարվում՝ ռիսկերին ժամանակին արձագանքելու համար: Չնայած այն հանգամանքին, որ մինչ օրս որեւէ բացասական շեղում չի հայտնաբերվել, փորձագետը չբացառեց Կեչուտի ջրամբարի միջոցով Սեւանա լճի վրա Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդեցության հնարավորությունը:
«Օդի եւ հողի աղտոտվածությունն ի վերջո ազդում է ջրային ռեսուրսների վրա: Այնպես որ ջրի աղտոտվածությունը կկատարվի փոշու եւ մթնոլորտային տեղումների միջոցով: Սակայն ներկայումս դժվար է ասել, թե ինչ չափերի աղտոտվածության մասին կլինի խոսքը», - տեղեկացրեց նա:
Ամուլսարում թթվային աղտոտման ռիսկերի մասին նախկինում նշել էր նաեւ կանադական Clear Coast Consulting ընկերության փորձագետ, դոկտոր Անդրե Սոբոելսկին: Նա նշել էր, որ թթվային դրենաժի դեպքում մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն 200-500 տարվա ընթացքում:
Իր հերթին ամերիկյան Buka Environmental ընկերության փորձագետ, դոկտոր Էնն Մաեստը հայտարարել էր, որ Lydian International ընեկրությունը թերագնահատել է Ամուլսարի հանքավայրի շահագործման արդյունքում թթվային դրենաժի եւ բնապահպանական ռիսկերի ներուժը:
Հավելենք, որ ՀՀ վարչապետի հանձարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է Ամուլսարի հանքավայրում ստուգումներ անցկացնի:
Lydian Armenia-ը բրիտանական Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործումը 10 տարի եւ 4 ամիս կտեւի, տարեկան միջինում նախատեսվում է 200 000 ունցիա ոսկի արդյունահանել: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում պաշարների մեծության թվով երկրորդն է:





























