ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ եկեղեցական ղեկավարությանը 2000 թվականից ի վեր հայտնի էր Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Թեոդոր Մաքքերիի դեմ մանկապղծության մեղադրանքների մասին, իսկ Ֆրանցիսկոս պապին տեղեկացվել էր այդ մասին 2013 թվականին ընտրվելուց հետո, սակայն նա որեւէ քայլ չի ձեռնարկել: La Verita պարբերականը կիրակի օրը հրապարակել էր Վիգանոյի համապատասխան նամակը, որում նա հրաժարականի կոչով դիմում է Պապին:

Որոշ կաթոլիկ պարբերականներ նշում են, որ Վիգանոյի մեղադրանքներին պետք է զգուշորեն մոտենալ, քանի որ նա կաթոլիկ եկեղեցու հակապապական կոնսերվատիվ ճակատի ներկայացուցիչ է համարվում եւ ինքն էլ մեղադրվում է մանկապղծության համար: Նրա անունը արդեն հայտնվել էր VatiLeaks-ի փաստաթղթերի արտահոսքի շուրջ սկանդալում:

Հատկանշական է, որ Վիգանոյի բացահայտումները հայտնվել են այն օրը, երբ Ֆրանցիսկոսն ավարտում է իր այցն Իռլանդիա, որտեղ կրկին անդրադարձ էր եղել պանկապղծության խնդրին եկեղեցում: Պապը խոստովանել էր կաթոլիկ ղեկավարության պատասխանատվությունը մանկապիղծ քահանաների հանցագործությունների համար: