ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 29–ին, իր նիստում դրական եզրակացություն տվեց  2–րդ ընթերցմամբ ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին։

Հաձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը հայտարարեց, որ դրական եզրակացություն են տալիս՝  պայմանով, որ օրինագծի ընդունումից հետո նորից  օրենսդրական նախաձեռնություն  կլինի, լսումներ կանցկացվեն եւ առաջարկություններ կարվեն։

Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հայտարարեց. «Առաջին ընթերցման ժամանակ մենք հնարավոր լուծումներ էինք առաջարկել,  ուղղակի հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ որոշեցինք այս փուլում ձեռնպահ մնալ  առաջարկություններից, հետագայում ոչ միայն այս, այլեւ այլ օրենքներում համալիր փոփոխություններ կատարել, հանձնաժողովում շարունակել աշխատանքները»։

Ջրային կոմիտեի ներկայացուցիչները պարզաբանեցին, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր այլընտրանքային տարբերակներ գտնել՝ Սեւանի ջրից չօտգվելու համար, այդ տարբերակները կիրառելուց հետո էլ եւս 40 մլն խմ–ի անհրաժեշտություն առաջացել է։ Նրանք տեղեկացրին, որ պոմպակայանները աշխատեցնելով՝ Ջրային կոմիտեն 1 մլրդ դրամի ծախս է ստանձնել՝ Սեւանի ջրի օգտագործումից հնարավորինս խուսափելու համար։

Նշենք, որ օրինագիծը նախատեսում է այս տարի Սեւանա լճից լրացուցիչ մինչեւ 40 մլն խմ ջրառ կազմակերպել: Նշենք, որ օրենքով ջրառի թույլատրելի չափը 170 մլն խմ է, այս օրենքով սահմանվում է այն դարձնել 210 մլն խմ 2018 թվականի համար: Հիշեցնենք, որ 2017 թվականին լրացուցիչ ջրառը կազմել է 100 մլն խմ: