Հնէաբանները գիշատիչ դինոզավրի նոր տեսակ են բացահայտել՝ հիմնվելով բրածոյի վրա, որը գրեթե հարյուր տարի պահվել էր Լոնդոնի Բնական պատմության թանգարանում և մնացել էր առանց պատշաճ ուշադրության, գրում է Royal Society Open Science գիտական հանդեսը։

Կենդանին բնակվել է ներկայիս Մեծ Բրիտանիայի տարածքում մոտ 120 միլիոն տարի առաջ, հասել է խոշոր վագրի չափերի և ունեցել երկար, կոր ճանկեր։ Այն դարձել է մեգարապտորների (megaraptor) խմբի առաջին ներկայացուցիչը, որը հայտնաբերվել է Եվրոպայում։

Նոր տեսակը ստացել է Invictibellatrix amberina անվանումը։ Անվան առաջին մասը թարգմանվում է որպես «աննվաճ կին-ռազմիկ»։ Հետազոտողներն ընտրել են այն՝ ընդգծելու համար այս գիշատիչների կերպարը, որոնք հետագայում էվոլյուցիայի ընթացքում հասել են հսկայական չափերի և դարձել իրենց էկոհամակարգերի գլխավոր գիշատիչներից մեկը։

Բրածոն հայտնաբերվել է Ուայթ կղզու հարավ-արևմտյան ափի ժայռի ստորոտում։ Այն գտել է հնէաբանության սիրահար Ռեջինալդ Ուոլտեր Թուլին, որի բազմաթիվ գտածոներն ավելի ուշ փոխանցվել են Բնական պատմության թանգարան։ Գանգի հետին հատվածի բեկորը թանգարանային հավաքածուի համար ձեռք էր բերվել դեռևս 1924 թվականին, սակայն դրա նշանակությունը հաջողվել է պարզել միայն հիմա։

Հետազոտողների գնահատմամբ՝ դինոզավրը հասնում էր երեքից չորս մետր երկարության և փոքր-ինչ գերազանցում էր մեկուկես մետր բարձրությունը։ Հավանաբար, նրա մարմինը ծածկված էր փետուրներով, իսկ առանձին ճանկերի երկարությունը կազմում էր 10-20 սանտիմետր։ Գիշատիչը որսում էր փոքր դինոզավրերի, մողեսների և կաթնասունների։

Հետազոտության առաջատար հեղինակ, Լոնդոնի համալսարանական քոլեջից Կասսիուս Մորիսոնը կենդանու էկոլոգիական դերը համեմատել է ժամանակակից բորենու դերի հետ։ Ըստ նրա՝ մարդու համար նման գիշատիչը կարող էր խիստ վտանգավոր լինել․ մարդիկ իրենց չափերով կարող էին համապատասխանել նրան որպես հնարավոր որս։

Մեգարապտորները տիրանոզավրերի ազգակիցներն էին, ներառյալ հայտնի Tyrannosaurus rex-ը, սակայն տարբերվում էին ավելի նեղ գանգերով և հզոր առաջային վերջույթներով։ Հարձակվելիս նրանք, ենթադրաբար, ակտիվորեն օգտագործում էին երկար ճանկերը և հիմնականում առնաձնապես չէին ապավինում ծնոտների ուժին։

Հաստատելու համար, որ իրենց առջև նոր տեսակ է, գիտնականները բրածոյի համակարգչային տոմոգրաֆիա են կատարել և ստեղծել գանգի բեկորի ու այն ներքին խոռոչի եռաչափ մոդելները, որտեղ գտնվել է ուղեղը։ Այնուհետև նրանք դրա առանձնահատկությունները համեմատել են տիրանոզավրերի, սպինոզավրերի և այլ գիշատիչ դինոզավրերի գանգերի հետ։ Անատոմիական հատկանիշների եզակի համադրությունը թույլ է տվել առանձնացնել Invictibellatrix amberina-ն որպես առանձին տեսակ։

Բացահայտումը կարևոր է ոչ միայն հենց կենդանու ուսումնասիրության, այլև հասկանալու համար, թե ինչպես են մեգարապտորները տարածվել հնագույն աշխարհում։ Մինչ այժմ գիտնականները ենթադրում էին, որ այս խումբը ծագել է Ասիայում, ապա տարածվել Եվրոպայով և ի վերջո հասել Գոնդվանային՝ հնագույն հարավային մայրցամաքային զանգվածին, որը ներառում էր ժամանակակից Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի տարածքները։ Սակայն նման երթուղին հաստատող եվրոպական բրածոներ նախկինում չէին հայտնաբերվել։

Նոր գտածոն դարձել է Եվրոպայում մեգարապտորների ներկայության առաջին ուղիղ ապացույցը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դա աջակցում է այն վարկածին, ըստ որի սույն դինոզավրերը Գոնդվանա են հասել եվրոպական տարածքներով, այլ ոչ թե ավելի հարավ ընկած կղզիների միջև տեղաշարժվելով։

Մաթեմատիկական մոդելավորումը միաժամանակ ցույց է տվել, որ վաղ կավճյան շրջանում մեգարապտորները լայնորեն տարածված էին մոլորակի տարբեր հատվածներում։ Ավելի ուշ՝ ուշ կավճյան շրջանում, նրանք, հավանաբար, վերացել են Լավրազիայից՝ հյուսիսային ցամաքային զանգվածից, որն ընդգրկում էր ներկայիս Եվրոպայի տարածքները։ Միևնույն ժամանակ հարավային շրջաններում խմբի որոշ ներկայացուցիչներ վերածվել են հսկայական գիշատիչների՝ մինչև 35 սանտիմետր երկարությամբ ճանկերով։ Թե ինչու են մեգարապտորները վերացել հյուսիսում, առայժմ պարզված չէ․ հնարավոր պատճառների թվում հետազոտողները նշում են կլիմայական փոփոխություններն ու այլ գիշատիչների հետ մրցակցությունը։

Աշխատության հեղինակներն ընդգծում են, որ Invictibellatrix amberina-ի պատմությունը ցույց է տալիս հին թանգարանային հավաքածուների գիտական արժեքը։ Նույնիսկ բրածոների համակարգված ուսումնասիրության մեկնարկից ավելի քան երկու դար անց Ուայթ կղզին շարունակում է նոր բացահայտումներ բերել։