Մարդիկ, որոնք ավելի լավ են տարբերակում հնչյունների նուրբ առանձնահատկությունները, օտար լեզվում արտասանությունն ավելի արագ և ավելի ճշգրիտ են յուրացնում։ Այս եզրակացությանն են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) և Ճապոնիայի Տոհոկու համալսարանի հետազոտողները։ Ըստ Journal of Experimental Psychology ամսագրում հրապարակված հետազոտության՝ լեզուներ սովորելու գործում կարևոր դեր ունի լսողական ճշգրտությունը՝ ձայնի բարձրության, տևողության և այլ բնութագրերի փոքր տարբերությունները նկատելու կարողությունը։

Որոշ մարդիկ, նույնիսկ լսելով օտար խոսք, անծանոթ հնչյուններն առաջին հերթին ընկալում են որպես անսովոր ակուստիկ ազդանշաններ, այլ ոչ թե որպես լեզվի տարրեր։ Սա նրանց հնարավորություն է տալիս վերլուծելու հնչողությունը՝ առանց այն անմիջապես համադրելու մայրենի լեզվի սովորական արտասանական մոդելների հետ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս առանձնահատկությունը կարող է բացատրել, թե ինչու որոշ մարդկանց համար ճիշտ արտասանությունը յուրացնելն ավելի հեշտ է, քան մյուսների համար։

Հետազոտությանը մասնակցել եէ անգլերեն սովորող 67 ճապոնացի։ Սկզբում գիտնականները գնահատել են խոսքի հետ չկապված հնչյուններում առկա փոքր ակուստիկ փոփոխությունները տարբերելու նրանց կարողությունը։ Այնուհետև ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ֆՄՌՏ) օգնությամբ մասնագետները ուսումնասիրել են մասնակիցների ուղեղային ակտիվությունը, երբ նրանք փորձում էին տարբերակել անգլերենի երկու ձայնավոր հնչյուն՝ /æ/՝ ինչպես cat բառում, և /ʌ/՝ ինչպես cup բառում։ Ճապոներենում չկան այս հնչյուններին լիովին համապատասխանող ձայնավորներ։

Լրացուցիչ առաջադրանքի ընթացքում մասնակիցները նաև պետք է ճանաչեին ոչ խոսքային հնչյունների միջև եղած նուրբ տարբերությունները։

Արդյունքները ցույց են տվել, որ ավելի բարձր լսողական ճշգրտություն ունեցող մարդիկ օտար լեզվի անծանոթ հնչյուններն ընկալելիս ավելի քիչ չափով էին ներգրավում ուղեղի ձախ սենսոմոտոր համակարգը։ Այս համակարգը մասնակցում է խոսքի մշակմանը և արտասանական հմտությունների ձևավորմանը։ Միաժամանակ նման մասնակիցների ուղեղային ակտիվության բնույթն ավելի մոտ էր այն պատկերին, որը դիտվում է ոչ խոսքային հնչյունների մշակման ժամանակ։

Այլ կերպ ասած՝ նրանք ավելի հազվադեպ էին փորձում անծանոթ հնչողությունն ավտոմատ կերպով կապել մայրենի լեզվի ծանոթ հնչյունային կատեգորիաների հետ։ Դրա շնորհիվ նրանց համար ավելի հեշտ էր տարբերակել օտար լեզվի ձայնավորները և ավելի ճշգրիտ ընկալել դրանց առանձնահատկությունները։

Ավելի քիչ զարգացած լսողական ճշգրտություն ունեցող մասնակիցների դեպքում նկատվել է հակառակ պատկերը․ անգլերենի հնչյունները մշակելիս ուղեղի ձախ սենսոմոտոր ցանցն ավելի ակտիվ էր աշխատում։ Հետազոտողների կարծիքով՝ նման մարդիկ ավելի հաճախ էին հենվում ճապոներենի արտասանական մոդելների վրա՝ փորձելով ճանաչել անծանոթ հնչյունները։ Հնարավոր է՝ սա խանգարում է նրանց՝ նկատելու այն տարբերությունները, որոնք ուղիղ համարժեքներ չունեն մայրենի խոսքում։

«Լավ լսողություն ունեցող մարդիկ կարող են օտար լեզվի նոր հնչյունը ընկալել օբյեկտիվորեն՝ այն անմիջապես որպես խոսքի տարր չմշակելով։ Փոխարենը նրանց ուղեղը վերլուծում է հենց ակուստիկ տեղեկատվությունը, և հենց դա էլ կարող է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ նոր լեզուներ ավելի հեշտ յուրացնում, քան մյուսները»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, UCL-ի Կրթության ինստիտուտի դոկտոր Կաձույա Սայտո-վան Պուտերենը։

Ըստ նրա՝ օտար լեզուների ուսումնասիրման ավանդական մեթոդները հիմնականում ենթադրում են բառերն անգիր անել և խոսքը կանոնավոր լսել։ Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ օգտակար է զարգացնել նաև հենց այն լսողական կարողությունները, որոնք ընկած են լեզվի յուրացման հիմքում։

Աշխատության հեղինակները կարծում են, որ արտասանության ուսուցումը չպետք է սահմանափակվի վարժությունների քանակի ավելացմամբ։ Կարևոր է նաև հաշվի առնել հնչյունների ընկալման անհատական առանձնահատկությունները և օգնել սովորողներին տարբերակելու նուրբ ակուստիկ նրբերանգները։