Renault-ը դիտարկում է 8 Gordini կոնցեպտի հիման վրա էլեկտրական սպորտային ավտոմեքենա սահմանափակ սերիայով թողարկելու հնարավորությունը։ Na[ag]i մասին հայտարարել է ֆրանսիական ավտոարտադրողի ղեկավար Ֆաբրիս Կամբոլևը՝ նշելով, որ այն կարող է դառնալ բացառիկ 5 Turbo 3E մոդելի շարունակությունը, գրում է Autocar-ը։

Ըստ Կամբոլևի՝ Renault-ը ցանկանում է ապացուցել, որ էլեկտրամոբիլները կարող են լինել ոչ միայն էկոլոգիական, այլև հույզեր առաջացնող, դինամիկ և վարելու համար հետաքրքիր։ Հենց այդպիսի խնդիր էր ընկերությունը դրել իր առջև 8 Gordini կոնցեպտը ստեղծելիս, որը ներկայացվել էր Փարիզի ավտոսրահում։

«Երբ մենք քննարկում էինք Gordini-ն, ցանկանում էինք ցույց տալ, որ ունակ ենք ստեղծել էլեկտրամոբիլ, որը հույզեր է առաջացնում, առանձնանում է սպորտային բնավորությամբ և գրավիչ դիզայնով»,- պարզաբանել է Կամբոլևը։

Միևնույն ժամանակ Renault-ի ղեկավարն ընդգծել է, որ ընկերությունը նախ պետք է գործարկի 5 Turbo 3E-ի արտադրությունն ու սկսի մատակարարումները։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի դիտարկել նման մասշտաբի նոր նախագծեր։ «Turbo 3E-ից հետո Gordini-ն կարող է դառնալ հնարավոր տարբերակներից մեկը»,- ասել է նա Autocar-ին տված հարցազրույցում։

Էլեկտրական Renault 5 Turbo 3E-ը կառուցված է Alpine Performance Platform նոր հարթակի վրա, որը A110 մոդելի հաջորդ սերնդի համար մշակել է Alpine սպորտային ստորաբաժանումը։ Ավտոմեքենան համալրված է անիվներում տեղադրված առանձին էլեկտրաշարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 533 ձիաուժ։ Արտադրությունը նախատեսվում է սկսել 2028 թվականին, իսկ թողարկումը կսահմանափակվի 1980 օրինակով։

Renault 8 Gordini կոնցեպտը նորովի է մեկնաբանում Renault 8 մոդելը, որն առաջին անգամ ներկայացվել էր 1962 թվականին։ Հետևի մասում տեղադրված շարժիչով քառատեղ սեդանի փոխարեն դիզայներները ստեղծել են 4120 մմ երկարությամբ երկտեղանի կուպե։ Ավտոմեքենայի արտաքին տեսքը հղում է անում Gordini-ի ժառանգությանը՝ հայտնի ֆրանսիական ընկերությանը, որը համբավ էր ձեռք բերել Renault-ի ավտոմեքենաները մրցարշավների և ռալիի համար պատրաստելով, իսկ հետագայում դարձել էր Renaultsport-ի մաս։

Կոնցեպտը ստացել է բնորոշ կլոր ցոլարձակ լապտերներ, լրացուցիչ ստորին լուսարձակներ, որոնք հիշեցնում են ապրանքանիշի ռալիային անցյալի մասին, ինչպես նաև Gordini-ին ավանդական կապույտ-սպիտակ գունավորում՝ մրցարշավային գծերով։ Ավտոմեքենան համալրված է 19-դյույմանոց առջևի և 20-դյույմանոց հետևի անիվներով։ Renault-ի հայտարարությամբ՝ ուժային համակարգը զարգացնում է 270 ձիաուժ։

Սրահում տեղադրված են սպորտային նստատեղեր, կլոր ձևի թվային գործիքներ, ալյումինե առջևի վահանակ, ֆիզիկական անջատիչներ և ուղևորի կողմում ռալիային ոճի ոտնակ։

Չնայած հնարավոր սերիական շարունակության նկատմամբ հետաքրքրությանը՝ Renault-ն ընդգծում է, որ ներկայում 8 Gordini-ն բացառապես ցուցադրական նախագիծ է։ Հետագայում ավտոմեքենան նախատեսվում է տեղադրել ընկերության նոր թանգարանում՝ ֆրանսիական Ֆլեն քաղաքում, որտեղ թողարկվել էր Renault 8-ի բնօրինակ մոդելը։

Միևնույն ժամանակ կոնցեպտը կարող է ազդել ապրանքանիշի ապագա ավտոմեքենաների դիզայնի վրա։ Կոնցեպտ ավտոմեքենաների բաժնի ղեկավար Ռոման Գովենն առանձին նշել է հետևի ցոլարձակ լապտերները, որոնք գործնականում անտեսանելի են դառնում, երբ ավտոմեքենան անջատված է։ Renault-ը մտադիր է ուսումնասիրել այդ տեխնոլոգիան սերիական ավտոմեքենաների վրա կիրառելու հնարավորությունը։

Գովենը հայտարարել է նաև, որ ընկերությունն առայժմ չի ծրագրում վերածնել Renault 8-ը որպես սերիական մոդել։ Նա հավելել է, որ կոնցեպտի գլխավոր նպատակը Gordini-ին հարգանքի տուրք մատուցելն ու ցույց տալն է, թե ինչպիսին կարող է լինել հասանելի ոգով, կոմպակտ և մանևրելու ունակ սպորտային ավտոմեքենան։