ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական գործողությունների մասին գաղտնի տեղեկություններ բացահայտող մարդկանց պետք է գնդակահարել։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Արիզոնա նահանգում տեղի ունեցած հանրահավաքում՝ մեկնաբանելով ռազմական գործողության չեղարկումը, որի անցկացման ժամանակը, ըստ նրա, արտահոսքի պատճառով հայտնի է դարձել լրատվամիջոցներին, հաղորդում է NBC News-ը։

«Դավաճաններին, որոնք տեղեկություններ են արտահոսեցնում, իմ կարծիքով, պետք է գնդակահարել»,- հայտարարել է Թրամփը։

Նա ճշտել է, որ նկատի ունի նրանց, ովքեր բացահայտում են տեղեկություններ այն մասին, թե «որ ժամին եք պատրաստվում հարձակվել երկրի վրա»։

Ամերիկայի նախագահը նաև կոչ է արել խիստ միջոցներ կիրառել արտահոսքերի աղբյուրների դեմ՝ նրանց անվանելով «հասարակության իսկական աղբ»։

«Նրանց հետ պետք է վարվել շատ, շատ խիստ»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ տեղեկությունների արտահոսքը մի անգամ հանգեցրել է նրան, որ ռազմական արշավանքը ստիպված են եղել չեղարկել։