Հնագետները ժամանակակից Շվեյցարիայի տարածքում գտնվող հին հռոմեական Ավգուստա Ռաուրիկա քաղաքում անսովոր գտածո են հայտնաբերել՝ ամբողջական երկաթե պատուհանային ճաղավանդակ, որը պահպանվել է երկու ամրակող մեխերի հետ միասին, գրում է գիտական La Brújula Verde հանդեսը։

Այսպիսի առարկաները հազվադեպ են հասնում մեր օրեր անվնաս վիճակում, ուստի գտածոն մասնագետներին կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես էին կառուցված պատուհանները հռոմեական շենքերում։

Ճաղավանդակը հայտնաբերվել է մոտ 1,7 մետր խորության վրա՝ Շյուրմատ թաղամասում իրականացվող պեղումների ժամանակ։ Այն բաղկացած է հինգ երկաթե ձողերից, որոնք միացված են երկու լայնական մետաղական շերտերով։ Եզրերին պահպանվել են օղակներ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են կառույցը փայտե պատուհանի շրջանակին ամրացնելու համար։ Երկու մեխերը, որոնց միջոցով ճաղավանդակը պահվում էր իր տեղում, նույնպես պահպանվել են։

Գտածոն գտնվել է քարից և շինարարական շաղախից կառուցված պատի մեջ։ Սակայն հնագետները դեռևս չեն պարզել, թե այն որ շինությանն էր պատկանում, երբ էր այն կառուցվել և ինչ հանգամանքներում էր ավերվել։ Հնարավոր պատճառների թվում դիտարկվում են հրդեհն ու շինության փլուզումը։ Ճաղավանդակն արդեն տեղափոխվել է Ավգուստա Ռաուրիկայի հնագիտական համալիրի պահոց, որտեղ այն կուսումնասիրվի, կփաստագրվի և կոնսերվացման կենթարկվի։

Երկաթե պատուհանային ճաղավանդակները Հռոմեական կայսրությունում օգտագործվում էին նախևառաջ օտարների ներթափանցումից պաշտպանվելու համար։ Փոքր տներում պատուհանները կարող էին լինել նեղ բացվածքներ, որոնք փակվում էին փայտե փեղկերով։ Ավելի մեծ պատուհանները, ներառյալ՝ փողոց նայողները, հաճախ համալրվում էին մետաղական կառուցվածքներով։

Ճաղավանդակի հետևում կարող էին լինել փայտե փեղկեր, ապակի կամ lapis specularis-ից պատրաստված բարակ թափանցիկ թիթեղներ՝ գիպսի մի տարատեսակ, որը ճեղքվում է բարակ կիսաթափանցիկ շերտերի։ Ապակե պատուհանային վահանակները հայտնվել են մեր թվարկության I դարում, սակայն մնում էին թանկարժեք առարկա, որը հասանելի էր հիմնականում ունևոր տանտերերին։

Նմանատիպ գտածոներ հայտնի են նաև նախկին Հռոմեական կայսրության այլ հատվածներից։ 2023 թվականին ամբողջական երկաթե ճաղավանդակ հայտնաբերվել էր իսպանական Մերիդայում գտնվող հռոմեական վիլլայի բաղնիքներում։ II դարի ճաղավանդակի ևս մեկ հատված պահվում է Ալիկանտեի հնագիտական թանգարանում։ Այսպիսի առարկաները հազվադեպ են հանդիպում, քանի որ փայտե պատուհանային շրջանակները ժամանակի ընթացքում փտում են, ապակին կոտրվում է, իսկ երկաթը ենթարկվում է կոռոզիայի։

Ավգուստա Ռաուրիկան համարվում է Հռենոսում հայտնի ամենահին հռոմեական գաղութը։ Դրա հիմնադրումը ավանդաբար կապվում է մ.թ.ա. 44 թվականի հետ, թեև մի շարք հետազոտողների կարծիքով մշտական բնակեցումը սկսվել է ավելի ուշ։ II դարում քաղաքը հասել էր ծաղկման շրջանի․ հնագետների գնահատմամբ այնտեղ 10-20 հազար մարդ էր բնակվում։ Այստեղ կային թատրոն, ամֆիթատրոն, թերմեր և տաճարներ։

Շյուրմատ թաղամասում պեղումներն իրականացվել են 2024 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մարտ՝ բնակելի տների կառուցումից առաջ։ Բացի ճաղավանդակից, հնագետները հայտնաբերել են սյունասրահներով հին փողոց, նեղ տների մնացորդներ, մանկահասակների գերեզմաններ և հովազի փոքր բրոնզե արձանիկ։

Առայժմ հայտնի չէ, թե ճշգրիտ երբ է պատրաստվել ճաղավանդակը և ինչ հանգամանքներում է հայտնվել պատի փլատակների տակ։ Պատասխանները կարող են ի հայտ գալ հենց առարկայի և շրջապատող հնագիտական շերտի ուսումնասիրությունից հետո։