Երեկ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում խոզերի անկման հինգ դեպք է գրանցվել. լաբորատոր ստուգումների արդյունքում պարզվել է, որ կենդանիները սատկել են աֆրիկյան ժանտախտի հետեւանքով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
Նրա խոսքով, հիվանդ կենդանիներն արդեն իսկ ոչնչացվել են։ «5 գլուխ խոզերը պատկանել են երեք տարբեր ընտանիքների։ Ներկայումս վարակի տարածումը կանխարգելելու համար Սյունիքի մարզի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության կողմից վարակազերծման համապատասխան միջոցառումներ են իրականացվում»,- հավաստիացրեց Բաղյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ երեկվանից հետո խոզերի անկման նոր դեպքեր չեն գրանցվել։




























