Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի հայկական թանգարանը նոյեմբերի 15-ին հանրությանը կներկայացնի նոր պատկերասրահը: Թանգարանի նորանշանակ գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը, որ մինչ այդ բազմաթիվ նախագծերի շուրջ համագործակցել է թանգարանի հետ, այժմ թարմացնում է տարածքը:

Մանսոնը ցանկանում է թանգարանը դարձնել մի վայր, որտեղ ամերիկահայերը կկարողանան իրենց ժառանգությանը հաղորդակից լինել, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի այլ ծագումով քաղաքացիների համար, հաղորդում է wickedlocal.com կայքը:

Թանգարանը կառուցված է աղյուսից, իսկ ներսը բետոնապատ է: Այն ձեւավորված է բրուտալիստական ճարտարապետական ոճով, ինչը, Մանսոնի կարծիքով, կատարյալ փոխաբերություն է հայերի համար, քանի որ շենքը կառուցված է ամուր, երկարակյաց եւ ապահով, իսկ հայ ժողովուրդը ցեղասպանություն է տարել, սփյուռք ունի, եւ կառույցը հենց այդ պայքարն է խորհրդանշում:

Տնօրենը նաեւ ցանկանում է տարբեր մշակութային հավաքույթներ կազմակերպել՝ հայկական երգ ու պարի, խոհանոցի միջոցով արվեստը կյանքի կոչելու համար:

Թանգարանի առաջամասում լինելու է նաեւ սրահ, որն ամեն ամիս կցուցադրի տարբեր արտեֆակտներ՝ այդպիսով այցելուներին ծանոթացնելով հայոց պատմությանը, հայկական մշակույթին եւ հայոց ցեղասպանության պատմությանը: