Վերջին 10 տարում ալկոհոլի սպառումը Հայաստանում աճել է 2,3 անգամ, իսկ 2010 թ.՝ 12,3 տոկոսով։ Այսօր՝ փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ թունդ ալկոհոլային խմիչքների սպառման ավելացումը նշան է վատ կյանքի։ Մասնավորապես՝ օղու սպառումն ավելանում է այն ժամանակ, երբ երկրում քաղաքական խնդիրներ են առաջանում։
Գինեգործի տվյալներով՝ 1 շնչի հաշվով 2010 թ. հայերը սպառել են 1,5 լիտր գինի, իսկ 10 տարի առաջ՝ 1 լիտր։ Օղու սպառումը հասել է 8,3 լիտրի՝ 10 տարի առաջվա 5 լիտրի համեմատ։ Նշենք սակայն, որ մի շարք զարգացած եվրոպական երկրներում ալկոհոլային խմիչքների սպառումն ավելի շատ է։ Օրինակ՝ Ֆրանսիայում 1 շնչի հաշվով սպառվում է մոտ 50 լիտր գինի, Ռուսաստանում՝ 10 լիտր։
Միայն այն գործոնի հաշվին, որ հայերը սկսեն ավելի շատ գինի խմել, Ա. Հարությունյանի հաշվարկներով, կարիք կլինի գործող 20 գինեգործարաններին ավելացնել 50 նոր գինեգործարան, որոնցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է 3 մլն դոլարի ներդրում։





























