Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 7-ին հրապարակվելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցի վճիռը: Հայցով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանն եւ Ռուբեն Հայրապետյանը թերթից պահանջել են յուրաքանչյուրը 2.5 միլիոն դրամ` 2 միլիոնը` որպես բարոյական վնասի փոխհատուցում, կես միլիոնը` որպես դատարանի ծախսեր: Թերթը հիշեցնում է, որ պատգամավորները  «ՀԺ»-ին դատի տվեցին Հայ ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի տրամադրած տեղեկությունների հրապարակումից հետո, համաձայն որի` ի թիվս այլ պետական-քաղաքական դեմքերի` այս երեք պատգամավորները եւս «անցնում են» ՌԴ-ում հարուցված քրեական գործերով: Սմբատ Կարախանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում դարձյալ տարակուսանք է հայտնել, թե ինչու պատգամավորներն իրենից «հաշիվ պահանջելու» փոխարեն դիմել են դատարան: Անդրադառնալով «ՀԺ»-ի դեմ սկսված դատական գործընթացին` Կարախանյանն ասել է.

-Մենք բաց ենք բոլորի համար, պատրաստ ենք երկխոսել բոլորի հետ (նկատի ունի իր կողմից հրապարակված ցուցակում ընդգրկվածներին-հեղ.):

Հանգիստ, նորմալ  վիճակում այդ օլիգարխներին, թեկուզ դատավորին, դատարանի ներկայացուցչին կամ նրանց կուսակցության ներկայացուցիչներին մենք կարող ենք բացատրել ամեն բան, մենք բաց ենք բոլորի համար: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասնկանում են, եւ ես կարծում եմ, որ դատարանն այդպիսի խայտառակ որոշում չի կայացնի, այլապես կհաստատվի, որ թերթի դեմ պարզապես պատվեր է իջեցված: Երբ մենք ասում ենք, որ այս պաշտոնյաները  առնչվում են քրեական գործերին, դա նեղանալու բան չէ: Ավելի ծանր բաների հետ էլ են առնչվել այդ մարդիկ: Եթե սեղան է, ուրեմն սեղան է, հիմա մենք չենք կարող ասել, որ սեղանը դաշնամուր է կամ պատուհան: