Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից կոնկրետ արդյունքներ են սպասում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Անցած 100 օրը բավարար ժամանակ էր գործող կառավարության համար, որ իր գոյության փաստը, համեմատելով նախկին իշխանությունների գոյության հետ, իր համար առավելագույն PR դիվիդենտները ստանար: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից սպասում են կոնկրետ արդյունքներ եւ չեն կարող բավարարվել թեւավոր խոսքերով, ինչպես, ասենք, «բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում»-ի, «Բա Սերժի ժամանակ լա՞վ էր»-ի տեսքով: Այո՛, շատ դեպքերում նաեւ լավ էր, շատ դեպքերում նաեւ խոսում էին տարբեր մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են գործող կառավարությանը»,- նշեց նա։
Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն իշխանության են եկել ոչ թե ցույց տալու՝ իրենք լավն են, քան նախկինները, այլ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը, սակայն այդ ուղղությամբ դեռեւս քայլեր չեն կատարվում։
Դիտարկմանը, որ կառավարությունը լեգիտիմ է, Աշոտյանը պատասխանեց՝ դա քարոզչական հնարք է: «Ժողովրդի աջակցությունն ունի ոչ թե գործող կառավարությունը, այլ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդի աջակցությունն ունեցել են ՀՀ այն իշխանությունները, որոնք ներկայացրել են Հայաստանը դրսում»,- հավելեց Աշոտյանը:
Ըստ պատգամավորի՝ լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել. «Ես որքանով գիտեմ մամուլից եւ ոչ միայն մամուլից, այս լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել, որովհետեւ Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյաները մեր վարչապետին ասել են, որ Բրյուսել եկած ՀՀ բոլոր պաշտոնյաներին դիտարկել են որպես լեգիտիմ։ Ոչ լեգիտիմ ղեկավարների հետ համաձայնագիր չէին կնքի։ Հայաստանի կառավարությունը չունի ֆանտաստիկ լեգիտիմություն, ինչպիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է»,- հավելեց նա:





























