Սեպտեմբերի 5-ին Ֆիննական ծոցում սկսվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի համար խողովակների տեղադրումը, որով 2019 թվականի վերջին նախատեսվում է ռուսական բնական գազը Գերմանիա մատակարարել: Ինչպես նախկինում հաղորդել է գազատարի ղեկավարությունը, մինչեւ այս պահը խողովակները տեղադրվել էին միայն Բալթիկ ծովի գերմանական հատվածում, հայտնում է DW-ն:
Արդյունքում 1230 կիլոմետր ընդհանուր երկարությամբ խողովակաշարը կանցնի ռուսական, ֆիննական, շվեդական, դանիական եւ գերմանական ջրերի միջով, որից հետո Գերմանիայի հյուսիսում գտնվող Գրայֆսվալդ քաղաքի մոտակայքում մակերեւույթին կհայտնվի:
2018 թվականի օգոստոսի վերջին գերմանական էներգետիկական Uniper ընկերության ֆինանսական տնօրենը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր չէ դուրս գալ «Հյուսիսային հոսք-2» նախագծից՝ ուշադրություն չդարձնելով գազատարի կառուցման գործում ներգրավված ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառման հավանականությանը:
Uniper-ի ներդրումը պետք է կազմի նախագծի սկզբնական արժեքի մինչեւ 10 տոկոսը (950 մլն եվրո):





























