ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից լրագրողների հասցեին հայհոյանքներ տեղալը  «խրախուսվում» է նրան սատարող «վերեւների» կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` անդրադառնալով Հայրապետյանի կողմից այս անգամ էլ «Հետք»-ի լրագրողին հայհոյելու հերթական փաստին:

«Վերջին 10 տարում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած 70 հարձակումներից միայն 2 դեպքն է բացահայտվել, այն էլ գործերից մեկը մասնակի է բացահայտվել: Սա լավագույն ապացույցն է, թե որքանով են լրագրողները պաշտպանված մեր երկրում:  Բնական է, որ նրանք բացի ֆիզիկական բռնությունների ենթարկվելուց պետք է հայտնվեին նաեւ «հայհոյվողների» խոցելի խմբում»,- նշեց Լեւոն Բարսեղյանը: Նա  ներում հայցեց, որ  Հայրապետյանի վերջին արարքի հետ կապված իրենց կազմակերպությունը  որեւէ կերպ չի արձագանքել,  քանի որ. «Սա ցավոք առաջին դեպքը չէ: Ես հոգնել եմ հրապարակային  հայտարարություններ կազմելուց, ստորագրելուց եւ տարածելուց: Իսկ դատախազություն ներկայացված հաղորդումների մասով բազմաթիվ գործեր ունեմ արված»:

«Ասպարեզ»-ի խորհրդի նախագահի ներկայացմամբ, դատախազության պատասխանն այդ հաղորդումներին որպես կանոն  մեկն է եղել`հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվում: «Առանց չարախնդալու ասում եմ, որ «Հետք»-ի կողմից փաստի առթիվ դատախազություն ներկայացված հաղորդումը չի ունենալու ոչ մի հետեւանք, ոչ մի քրեական գործ չի հարուցվելու, Հայրապետյանն Ռուբենն էլ չի պատժվելու իր արածների համար, ինչպես որ չեն պատժվել լրագրողների դեմ ապօրինություններ թույլ տված մյուս օլիգարխները»,-նշեց Բարսեյանը: Նրա խոսքով` օրենքի շրջանակներում այդ խնդիրը կարգավորել հնարավոր չէ: «150 տոկոսով համոզված եմ, որ մինչեւ լրագրող  հայհոյողներին ու ծեծողներին «նայողը» չփոխվի, երկրում ոչինչ չի փոխվելու»,- համոզմունք հայտնեց Լ. Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ  օրերս «Հետքի» լրագրողը զանգահարել էր Հայրապետյանին` տեղեկություն ճշտելու: Լրագրողի հարցին Հայրապետյանը պատասխանել էր սեռական բնույթի հայհոյանքով: Լրագրողի եւ ԱԺ պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը «Հետքն» ուղարկել է դատախազություն եւ ՀՀ նախագահի աշխատակազմ` որպես հաղորդում հանցագործության մասին: