ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի եւ հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ:

Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի եւ հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արգելքն էր:

Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում եւ էկոլոգիական: Սեպտեմբերի 15-ից արգելքն ուժի մեջ է մտնելու:

Որպես արձագանք այս իրավիճակին՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ - Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ նվազել են 52%-ով: Ընդ որում՝ այս զեղչը գործում է 150 հազար տոննա երաշխավորված ծավալով բեռների փոխադրման դեպքում: Փոխադրողները, սակայն, պնդում են, որ չնայած զեղչին՝ բեռի փոխադրման արժեքը միեւնույն է կբարձրանա, ինչն էլ թանկացումների կբերի:

Փոխադրողների անունից Աշոտ Հակոբյանն առաջարկեց գոնե 1-1.5 ամսով հետաձգել արգելքի կիրառումը, որպեսզի տնտեսվարողները հասցնեն ավարտել իրենց ընթացիկ պայմանագրերը եւ պատրաստվեն փոխադրման նոր կանոններով աշխատանքին:

Նախարարը նաեւ խնդրեց պարզաբանել՝ արդյոք արգելքի տակ մտնում են սերմացու բեռները եւս: Նրա խոսքով՝ այս հարցը անհրաժեշտ է դիտարկել առանձին, որովհետեւ տարեկան Վրաստանով Հայաստան է բերվում ընդամենը 500 տոննա սերմացու:

Կողմերը քննարկեցին արգելքի հետ կապված այլ ռիսկեր, «Վրացական երկաթուղու» տնօրենը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել Վրաստանի վարչապետին: