Կուբայում և Չինաստանում ամերիկյան դիվանագիտական ծառայությունների վրա գաղտնի «հարձակումներն» ուսումնասիրող ԱՄՆ հատուկ ծառայությունները գլխավոր կասկածյալ են համարում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է NBS News-ը։
Այս իրադարձություններին Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ կասկածներն ամրապնդվում են ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի և ամերիկյան այլ գործակալությունների քննության ընթացքում ձեռք բերված հաղորդագրությունների հիման վրա։ Սակայն ԱՄՆ-ը դեռևս չի շտապում պաշտոնապես մեղադրել Մոսկվային՝ բավարար ապացույցներ չունենալու պատճառով։
ԱՄՆ-ում հայտարարել են, որ 2016 թվականի վերջից սկսած՝ Կուբայի մայրաքաղաքում ամերիկյան դիվանագիտական ծառայության 26 աշխատակիցներ, գտնվելով իրենց տներում կամ հյուրանոցներում, չբացահայտված հանգամանքներում ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Վնասվածքների մեծ մասը կապված է եղել գլխուղեղի հետ և առաջացրել է լսողական ու տեսողական խնդիրներ։
Այս տարի Չինաստանում ևս ամերիկյան դիվանագիտական ծառայության աշխատակիցներից մեկի մոտ ի հայտ են եկել նույն ախտանիշները, և նա ասել է, որ լսում է «տարօրինակ» ձայներ։
ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտնում են, որ վնասվածքներն առաջացել են ձայնային և էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությամբ։




























