«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը դժգոհ է, որ փետրվարի 15-ին կուսակցության համագումար անցկացնելու դիմաց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն իրենից 10 մլն դրամ է պահանջել։ Այս մասին  նա հայտարարեց փետրվարի 8-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեծ դահլիճը 2 ժամով տրամադրելու համար մարզահամերգայինի տնօրինությունն ինձնից պահանջեց 10, փոքր դահլիճը տրամադրելու համար՝ 5 մլն դրամ։ Բայց դա կարեւոր չէ, մենք համագումարի փոխարեն կանցկացնենք բացօթյա համաժողով՝ փետրվարի 15-ին Մատենադարանի հարող տարածքում։ Ընդ որում, համաժողովին վերջնագիր ենք ներկայացնելու, որը հետո կուղարկվի հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանին։

Վերջնագրում լինելու են կետեր, որոնք պահանջելու ենք անհապաղ կատարել։ Դրանք արհամարհելու դեպքում փետրվարի 28-ի կայանալիք ցույցի ժամանակ մենք արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ կներկայացնենք»,- նկատեց Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, պահանջագրի կետերից 18-ն արդեն իսկ պատրաստ են, ավելացվելու են եւս 3-ը։

«Այդ կետերից առաջինը վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությանը, արծարծել ենք նաեւ երիտասարդներին առավել հարմար պայմաններով հիպոթեք տրամադրելու, բանկային համակարգի կատարելագործման, փողոցային առեւտրի կարգավորման եւ մի շարք այլ հարցեր»,- տեղեկացրեց ԺԿ նախագահը։

Նշենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին  հայտարարություն Ժողովրդական կուսակցության  նախագահ Տիգրան Կարապետյանն արել էր հունվարի 19-ին կայացած հանրահավաքի ժամանակ` նշելով, որ «եթե իշխանությունները մինչեւ փետրվարի 28-ը զիջումների չգնան, մենք արտահերթ ընտրությունններ ենք հայտարարելու եւ «ոչ» ենք ասելու այս իշխանություններին»: