Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում (ԳՍԴԿ) ուժեղանում են նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին հեռացնելու կոչերը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած նրա սերտ կապերի պատճառով, հայտնել է dpa-ն։
Բավարիայում, Վերին Պֆալցում կուսակցության շրջանային բաժանմունքը միաձայն ընդունել է բանաձև՝ պահանջելով Շրյոդերին հեռացնել ԳՍԴԿ-ից։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է բաժանմունքի նախագահ Կարոլին Վագները։
Պատճառը նախկին կանցլերի վերջին այցն է Մոսկվա, որտեղ նա չորեքշաբթի Պուտինի հետ միասին նշել է Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը։ Կրեմլը հրապարակել է լուսանկարներ, որոնցում քաղաքական գործիչները ժպտում են և միմյանց ձեռք սեղմում։ Նույն օրը ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։
Tagesspiegel թերթի տվյալներով՝ Շրյոդերին հեռացնելու պահանջով հանդես են եկել նաև Բավարիայի և Բադեն-Վյուրթեմբերգի ԳՍԴԿ բաժանմունքների ղեկավարները։
«Նախկին կանցլերը, որը մասնակցում է ռազմական հանցագործների ծննդյան տոներին, անընդունելի է դառնում ոչ միայն ԳՍԴԿ-ի համար», — հայտարարել է Բադեն-Վյուրթեմբերգում կուսակցության համանախագահ Ռոբին Մեզարոշը։ Նա նաև Շրյոդերին անվանել է խայտառակություն ամբողջ երկրի համար։
82-ամյա Շրյոդերը Պուտինի հետ ընկերական հարաբերություններ է պահպանում դեռ այն ժամանակներից, երբ զբաղեցնում էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը 1998–2005 թվականներին։ Նրան բազմիցս քննադատել են ռուս առաջնորդի հետ սերտ լինելու և ռուսական էներգետիկ ընկերությունների հետ գործնական կապերի համար։
Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո Շրյոդերը մի քանի անգամ հանդիպել է Պուտինի հետ։
2023 թվականին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր է տվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մեղադրանքներով։
2023 թվականին Շրյոդերին ԳՍԴԿ-ից հեռացնելու նախորդ փորձը հաջողությամբ չի պսակվել։





























