Հայաստանի գլխավոր դատախազությունը ստացել է «Հետք» էլեկտրոնային կայքի հաղորդումը` հանցագործության մասին եւ դրան կից ներկայացված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայհոյում է կայքի լրագրողին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Նա նշեց, որ նամակին դատախազությունը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետում:
«Ձայնագրությունն այժմ ստուգման ընթացքում է եւ դատախազություն ներկայացված դիմումների եւ հաղորդումների վերաբերյալ` «Քրեական դատավարության օրենսգրքով» սահմանված ժամկետում կպատասխանենք»,-նշեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայհոյել էր լրագրողին, երբ նա զանգահարել եւ փորձել էր տեղեկություն ճշտել իրենից, ինչից հետո լրատվամիջոցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը: Ըստ «Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` պատգամավորն ակնհայտորեն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը (ՀՀ ՔՕ 164-րդ հոդված):
Ուստի կայքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:





























