Ժողովրդական կուսակցության մոտեցումները Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներից տարբերվում են նրանով, որ եթե նրանք պահանջում են սկզբում նախագահական եւ նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ապա մեզ մոտ հակառակն է՝ սկզբում խոհրդարանական, հետո նոր նախագահական ընտրություններ, փետրվարի 8-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հավատո՞ւմ է ինքն արդյոք սոցիոլոգ Ահարոն  Ադիբեկյանի կանխատեսումներին, թե խորհրդարան անցնելու հնարավորություններ ունի նաեւ ԺԿ-ն, Կարապետյանը նկատեց. «Սուտիբեկյանի ասածը մեզ համար չափանիշ չէ։ Նրա կարծիքը եւ բոլոր կանխատեսումներն ամբողջովին  համընկնում են իշխանությունների կարծիքին։ Սա շատ տարօրինակ է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի մոլուցք չունեմ ինչ-որ տեղ հայտնվելու, բայց պայքարելու եմ հանուն արդարության։ Մեր շարժումը ոչ թե Կարապետյանի շարժումն է, այլ ժողովրդի»,- հավաստիացրեց ԺԿ նախագահը։

Նա դրա հավաստիացումը համարեց իր վերջին հանրահավաքը։ «Դուք իմ ցույցերին սովոր եք եղել տեսնել տատիկների եւ պապիկների։ Դուք միշտ սերվանտ, հեուստացույցեր եք արձանագրել։ Բայց այս անգամ այդպես չէր։ Մեր երիտասարդական թեւը բավական հզոր է՝ 10-20 հազար հոգուց բաղկացած»,- նկատեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ արդեն գարնանն ինքը պատրաստվում է հանրահավաք հրավիրել բացառապես երիտասարդների մասնակցությամբ։