Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարեւորագույն վկայություններից մեկն է։ Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց քաղաքացիական հասարակության զարգացման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Խորհրդարանի հիմնադրման 100–ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ։
«Գարնանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը»,–ասաց նա։
ՀՀ նախագահի համոզմամբ, պետականության բովանդակությունը անհրաժեշտ է լրացնել նոր Հայաստանի եռանդով, նպատակասլացությամբ եւ ապագայի հանդեպ կայուն հավատով եւ հաստատուն կամքով։
«Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում»,–ընդգծեց նախագահ Սարգսյանը։
Նա նշեց, որ պատասխանատվության գիտակցումը թե՛ իշխանության, թե քաղաքացիական հասարակության եւ թե ողջ ժողովրդի համար իմաստնության վկայություն է։
Նախագահը մաղթեց խաղաղություն, առաջընթաց եւ լավատեսություն։




























