Երեւանի քաղաքապետը պետք է անկուսակցական լինի: Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռեֆորմիստների կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Արթուր Ավետյանը:

Նա նշեց, որ ինքը քաղաքապետի անկուսակցական թեկնածու է: «Կարծում եմ, որ Երեւանը պետք է ղեկավարի անկուսակցական քաղաքապետը, քանի որ մեր նպատակն է բարեկարգել Երեւանը եւ ոչ թե քաղաքական պայքարի մեջ ներգրավվել», - բացատրեց Ավետյանը:

Նա նշեց, որ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը ռեֆորմիստների համար մրցակից չէ, քանի որ բոլոր մասնակիցները մեկ նպատակ ունեն` աշխատել մայրաքաղաքի օգտին:

Թեկնածուի հավաստմամբ, նրա թիմը մտադիր է իր ծրագիրը գործով ներկայացնել եւ ոչ թե խոսքերով: Հենց այդ նպատակով նախընտրական քարոզարշավի ժամանակ նա նախընտրել է Երեւանի բնակիչների հետ անձնական վստահելի հանդիպումները, որոնց ընթացքում իմացել է  այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին անգամ պատկերացում չուներ:

«Օրինակ բնակիչները բողոքում են, որ Դավիթաշենի կամուրջի ցանկապատը շատ ցածր  է եւ այստեղ հաճախ են ողբերգական դեպքեր լինում կամ Արաբկիրում մարդկանց թույլ չեն տալիս սեփական միջոցների հաշվին բարեկագրել այգին եւ այլն»,- նշեց նա:

Ռեֆորմիստների կուսակցության ավագանու անդամի թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, քաղաքացիներին «սեւերի» եւ «սպիտակներների» բաժանելու փորձերը սխալ են, ընդհակառակը, պետք է համախմբվել եւ համատեղ ջանքեր գործադրել մայրաքաղաքի բարեկարգման համար:

Կուսակցության ավագանու եւս մեկ թեկնածու Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենք մտադիր են մասնակցել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: