«Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ-ն, որը կանգնած էր 2009 թվականից, մոտ ժամանակներս կվերսկսի շաքարի արտադրությունը։ Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր եւ տնօրեն Արմեն Առաքելյանը։ Մասնավորապես, գործարանն իր գործունեությունը կսկսի նոյեմբերին մշակման համար առաջին խմբաքանակ հումքի մատակարարումով, եւ, փաստորեն, կդառնա թվով երկրորդ շաքարի գործարանը Հայաստանում։
Որպես պարապուրդի պատճառ գլխավոր տնօրենը նշեց ճգնաժամային 2009թ․ շաքարեղեգի միջազգային գների բարձրացումը՝ այն դեպքում, որ ճակնդեղային շաքարը, որը ստացվում էր հարեւան երկրներից հումքի ներմուծմամբ, մի քանի անգամ էժան էր։
«Գործարանի շահագործումը դարձավ աննպատակահարմար, ղեկավարությունն այն ժամանակ մտորում էր արտադրական հզորությունների մեծացման մասին, որպեսզի ստացվեր ցածր ինքնարժեքով արտադրանք։ Գործարանը խնդիրներ ուներ՝ կապված արտադրանքի ծավալների, վաճառքների հետ, սակայն կոնկրետ (արհեստական) խոչընդոտներ շուկայում չկային»,- նշեց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ 2018թ հուլիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական ծագումով բիզնեսմենների հանդիպման ժամանակ ներկա ձեռներեցներից մեկը բողոքեց հանրապետական պատգամավոր, «Ալեքս Գրիգ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Ալեքսանյանից, ով, նրա հավաստիացմամբ, իր հետ բաժին էր մտել Սեւանի շաքարի գործարանը կառուցելիս եւ սնանկացրել էր իրեն։ Բիզնեսմենը նշել էր, որ այժմ պատրաստ է վերականգնել գործարանը, եթե իրեն թեկուզ ժանանակավորապես ազատեն ԱԱՀ-ից։
Փաշինյանը խոստացել էր օրենքի սահմաններում աջակցել։ Հիշեցնենք, որ շաքարի բիզնեսով Հայաստանում զբաղվում էր միայն Սամվել Ալեքսանյանը։
Այժմ ձեռնարկությունը մտադիր է շաքարի հումքի մշակումը հասցնել օրական 60 տոննայի։ Եղեգնային կիսաֆաբրիկատը (շոգեհարված եւ կիսապատրաստ շաքարը) կներկրվի Բրազիլիայից։ Բիզնեսմենին արտադրությունը վերականգնելու համար՝ ներառյալ տեխնիկական վերազինումը եւ շենքի ու կառուցվածքների վերանորոգումը, անհրաժեշտ է եղել ներդնել ընդամենը 120 մլն դրամ։
Գործարանում կստեղծվի մոտ 80 աշխատատեղ՝ 120 000 ($250) միջին աշխատավարձով։ Սեւանի գործարանում արտադրված շաքարը կիրացվի տեղական շուկայում։
«Դեռեւս մենք ի վիճակի չենք մրցակցել արտաքին շուկաներում, բայց երկրի ներսում, շուկայական լիբերալիզացիայի պայմաններում, թավշյա մթնոլորտում եւ մենաշնորհների բացակայությամբ կարող ենք արտադրանքը մրցակցային գնով վաճառել։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ազատ ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքաշրջանառության եւ շաքարի անարգել արտահանման պայմաններում մրցակցային գին ստանանք»,- հավաստիացրեց տնօրենը՝ հավելելով, որ եղեգից շաքարի մեծածախ գինը կկազմի մոտ 270 դրամ, կարող է նաեւ տատանվել՝ կախված Բրազիլիայում բորսայական գներից։
Ձեռնարկությունն արդեն դիմել է կառավարությանը՝ հարկային արտոնությունների համար, շուտով կառավարությունը կնայի «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ-ի կողմից ներկրվող հումքի եւ սարքավորումների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը։ Ինչ վերաբերում է ճակնդեղային շաքարի տեղական արտադրությանը՝ որպես հումք գործարանի համար, Առաքելյանը նշեց, որ դա շահավետ չէ իր բիզնեսի համար։
«Գործարանի ֆինանսական հնարավորություններն այդքան բարձր չեն, որպեսզի նման մեծ ագրոկոմպլեքս ստեղծվի, մեծանան երկրի ցանքատարածությունները, նոր տեխնոլոգիաներ ներդրվեն, որպեսզի ստանանք ցածր ինքնարժեքով շաքար։ Ռուսաստանում 1 տոննա շաքարի ճակնդեղն արժի 1500 ռուբլի։ Որպեսզի գործարկվի ճակնդեղային շաքարի արտադրություն տեղական հումքից, գործարանը 1 կիլոգրամի համար պատրաստ է վճարել առավելագույնը 15 դրամ»,- պարզաբանեց գլխավոր տնօրենը։
Այցելելով գործարան՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետությունը պատրաստ է Հայաստանում շաքարի արտադրության երկարաժամկետ աջակցությանը՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ոչ միայն հարկային, այլեւ մաքսային արտոնությունների տրամադրմամբ, վարկերի սուբսիդավորմամբ, արտահանման ապահովագրությամբ։
«Փաստորեն, գործարանը վերակենդանացման մեխանիզմների մշակման հնարավորություն տվեց նման ուրիշ ձեռնարկություններին։ Շաքարը ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանք է, եւ ուղղակի անհրաժեշտ է կարգավորել տեղական արտադրությունը։ Դրա համար մշակվում է տեղում ճակնդեղի արտադրության ծրագիր, որը ենթադրում է գյուղատնտեսության ակտիվացում եւ ինդուստրիալիզացիա, ցանքատարածությունների ճիշտ շրջանառության կազմակերպում»,- նշեց նախարաը։
Դրանով իսկ, ըստ նրա, ճակնդեղի արտադրությունը կբերի այլ դրական արդյունքների, օրինակ՝ ցանքատարածությունների ճիշտ շրջանառության դեպքում կարելի է մեծացնել նաեւ հացահատիկային ցանքատարածությունները, որոնք արտադրության անվտանգության գործոն են հանդիսանում։
«Դա ենթադրում է ագրոսեկտորում լուրջ ներդրումներ՝ մեքենա-տրակտորային պարկի լրացում, մասնագիտական հնարավորությունների կատարելագործում, ինչպես նաեւ՝ հողատերերի ներգրավման մեխանիզմների օգտագործում՝ հաշվի առնելով նրանց շահերն ու սեփականության պաշտպանությունը»,- ամփոփեց նախարարը։
Հիշեցնենք, որ «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2003թ․։ Սեփականատերերի կողմից դրա հիմնադրման համար ներդրվել է մոտ 2,5 մլն դոլար։ 2008-2009թթ․ գործարանի արտադրողականությունը հասել է օրական 20 տոննայի, իսկ ամսական շրջանառությունը՝ 400 հազար դոլարի։




























