Հայաստան-Իրան միջպետական մայրուղին՝ համայնքապետի հրաժարականի պահանջով փակած ուրցաձորցիները որոշեցին որոշ ժամանակով բացել ճանապարհը՝ պայմանով, որ համայնքապետը համաձայնություն տա.  հակառակ դեպքում նորից կփակեն ճանապարհը:

«Մեր նոր կառավարությանը բոլորս հարգում, սիրում, ընդունում ենք, բայց պայքարը Նիկոլ Փաշինյանի արդարության շարունակության պայքարն է։ Մենք չենք բացի այս ճանապարհը, մինչեւ մեր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանն իր հրաժարականը չտա»,–ասաց ցուցարարներից մեկը։

Նրանց մոտեցած՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հորդորեց ճանապարհը բացել, մինչեւ  բանակցեն համայնքապետի հետ. «Ձերը տեղական ինքնակառավարում է, եղել են ընտրություններ, համայնքի ղեկավար է ընտրվել։ Այն համայնքի ղեկավարները, որոնք վստահ են, որ ընտրված են ժողովրդի կողմից, ցանկացած պահի կարող են հրաժարական տալ, նորից առաջադրվել եւ ընտրվել։ Բայց կա ընթացակարգ՝ կամ ավագանին է հայտնում անվստահություն, կամ համայնքի ղեկավարը մեղադրվում է այնպիսի հանցագործության մեջ, որը համատեղելի չէ, որ զբաղեցնի այդ պաշտոնը»,–ասաց մարզպետը։

Նա նշեց, որ իրավապահների մոտ է ուրցաձորցիների բոլոր դիմում–բողոքները, ուղղակի ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու, եղե՞լ են չարաշահումներ, ապօրինություններ, թե՞ ոչ։

Նշենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պնդում են, որ իրենց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չարաշահումներ է կատարել եւ պետք է հրաժարական տա։ Իրավապահները ամիսներ առաջ քրեական գործեր են հարուցել։  «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը» կարգախոսով՝ բնակիչները պնդում են, որ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է անձնական օգտագործման տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։

Նշենք նաեւ, որ Ուրցաձոր համայնքը խոշորացման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ գյուղերի միավորումից: Ուրցաձորում շուրջ 3000 բնակիչ է ապրում: