Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ակնկալում է տնտեսական աճ, որը 4,9 տոկոսով կգերազանցի 2019թ․ բյուջեի նախագծում առկա ցուցանիշը։ Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ դրա համար կան բոլոր հիմքերը։

Նրա խոսքերով՝ այս փուլում նախարարությունը համաձայն է ավանդական կանխատեսումների հետ, միաժամանակ ակնկալելով հնարավորությունների ընդլայնում՝ տնտեսական աճի առավել բարձր ցուցանիշների համար։

«2018 թվականի տնտեսական աճը կգերազանցի կանխատեսված ցուցանիշը, ինչը թույլ կտա հետագայում մեծացնել բյուջեի ծախսային մասը, հատկապես կապիտալ ներդրումների մասով՝ ենթակառուցվածքներ, սարքավորումներ։ Դա թույլ կտա հասնել տնտեսական առավել որակյալ աճի՝ երկարաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»,- նշել է նախարարը։

Նրա խոսքերով՝ իրենք տնտեսական ակտիվության կտրուկ աճ են ակնկալում նաեւ հարկային բարեփոխումների հետ կապված։

«Հարկերի չափը պետք է ավելի շատ իջեցվի, որպեսզի դա բերի բնակչության մոտ միջոցների կուտակման եւ պահանջարկի կարգավորման։ Այս հարցով կառավարությունում դեռ քննարկումներ են ընթանում, եւ թույլ տվեք առայժմ թվեր չհրապարակել»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա չհամաձայնեց այն փաստարկի հետ, թե 2018թ․ տնտեսական աճը պայմանավորված կլինի մեկանգամյա գործոններով։

«Մեր տնտեսությունն ահռելի չիրականացված պոտենցիալով մասեր ունի, վերցնենք թեկուզ տեղեկատվական տեխնոլոգիաները։ Այս ոլորտն ինքն իրեն է զարգանում, եւ համակարգային արդյունք չի ապահովում։ Մեր նպատակը այդ ոլորտը հասարակական եւ տնտեսական կենսագործունեության այլ ոլորտների համար բացելն է»,- ամփոփեց նախարարը։

Հիշեցնենք, որ 2019թ․ բյուջեի նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում, կանխատեսվում է Հայաստանի տնտեսության 4,9 տոկոս աճ։