ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւԿանադայի միջեւ առեւտրային համաձայնագիրը (USMCA), խոշորագույնն է համարել ԱՄՆ-ի պատմության մեջ՝ տեղեկացնում է AFP-ն։
«Համաձայնագիրը առեւտրի մեջ կվերահսկի մոտ 1,2 տրիլիոն դոլար, ինչը նրան դարձնում է խոշորագույն գործարքը ԱՄՆ-ի պատմության մեջ»,- Սպիտակ տան Վարդագույն այգում տրված մամուլի ասուլիսում ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ հույս ունի համաձայնագիրը վարչապետ Ջասթին Տրյուդոյի եւ նախագահ Էնրիկե Նիետոյի հետ ստորագրի նոյեմբերի վերջին։
Նոր համաձայնագիրը պետք է հավանության արժանանա բոլոր երեք երկրների օրենսդիրների կողմից։
Թրամփն ընդգծել է, որ Կանադան եւ Մեքսիկան համաձայնել են փաստաթղթում ներառել աշխատավորների պաշտպանությանը, մտավոր սեփականությանը եւ շրջակա միջավայրին վերաբերող դրույթներ։
Նա նաեւ ընդգծել է, որ համաձայնագիրը ամերիկյան ֆերմերների, անասնապահների համար հացահատիկ, ձու եւ կաթնամթերք արտահանելու լայն հնարավորություններ կբացի։ Ըստ նախագահի՝ ԱՄՆ-ում կստեղծվեն հարյուր հազարավոր աշխատատեղեր։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Թրամփն ասել է, որ առեւտրային խնդիրների շուրջ բանակցություններ են ընթանում ԵՄ-ի հետ, եւ ինքը հավատում է դրանց հաջողությանը։
Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները կարգավորելու մասին ԱՄՆ նախագահն ասել է․ «Նրանք դեռ պատրաստ չեն»։



























