Ֆրանսիացի հանցագործ Ռեդուան Ֆաիդը, ով երեք ամիս առաջ ուղղաթիռով փախել էր բանտից, կալանավորվել է՝ տեղեկացնում է BBC-ն։
Ֆրանսիայում ամենափնտրված հանցագործին կալանավորել են փարիզյան արվարձան հանդիսացող Կրեյ քաղաքում, որտեղ նա ծնվել է։ Ֆաիդի հետ միասին կալանավորվել են նրա եղբայրը եւ եւս երկու տղամարդ։
46-ամյա Ռեդուան Ֆաիդը մանկուց գանգստերների մասին ֆիլմերի երկրպագու է եղել։ Ըստ նրա՝ հոլիվուդյան ֆիլմերն են իրեն սովորեցրել ինչպես թաքնվել ուտիկանությունից։
Առաջին անգամ նա ձերբակալվել է1998թ․՝ զինված հափշտակության համար։ Բանտից նրան հաջողվել է երկու անգամ փախչել։
Երկրորդ փախուստը Ֆաիդն իրականացրել էր 2018թ․ հուլիսի 1-ին։ Նա բանտից փախել էր Ռեո՝ Փարիզի հարավ-արեւելքում։ Նրան օգնել էին երեք զինված տղամարդիկ, որոնք ներխուժել էին այցելուների համար նախատեսված սենյակ։ Բանտի սահմաններից դուրս գալով՝ նրանք Ֆաիդին նստեցրել էին ուղղաթիռ, որի օդաչուին, ինչպես հետո է պարզվել, գերի էին վերցրել։ Փախուստը տեւել էր մի քանի րոպե, ոչ ոք չէր տուժել։




























