ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Սիրիային համարել է տարածաշրջանում իրավիճակի «լուրջ լարվածություն»՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Ես հաստատ չեմ մեկնաբանի, թե ինչպես մենք կարձագանքենք դրան, բայց իմ վերջին մեկնաբանությունը ճշմարիտ է։ Սիրիային ռուսական С-300-ների մատակարարումը մեծ վտանգ է ներկայացնում բոլորի համար, ովքեր գտնվում են հարակից տարածքներում, եւ Մերձավոր Արեւելքում կայունության համար»,- հայտարարել է Պոմպեոն։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 2-ին զեկուցել էր С-300-ները Սիրիային մատակարարելու մասին։ Ըստ նրա՝ մատակարարումների մեջ ներառված են 49 միավոր տեխնիկա, այդ թվում՝ լուսարձակներ, կողմնորոշման հիմնական համակարգեր, կառավարման եւ հրթիռների արձակման սարքեր։ Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է մինչեւ հոկտեմբերի 20-ը Սիրիայում հակաօդային պաշտպանության կառավարման համակարգ ստեղծել։



























