Վրաստանում ներդրվում է էլեկտրոնային ռեզիդենտի գործառույթը, որը 34 երկրների քաղաքացիներին թույլ կտա գրանցել իրենց ընկերությունը եւ բանկային հաշիվ բացել Վրաստանում՝ գտնվելով նրա սահմաններից դուրս։ «Նովոստի-Գրուզիա»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

«Այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք մի նախաձեռնության մասին, որը հեղափոխական նշանակություն ունի։ Չեմ ուզում բարձրագոչ գնահատականներ տալ, բայց դա այդպես է։ Մենք ներդնում ենք էլեկտրոնային ռեզիդենտի գործառույթը, որը 34 երկրների քաղաքացիներին թույլ կտա գրանցել իրենց ընկերությունը եւ բանկային հաշիվ բացել մեր երկրում՝ չգալով Վրաստան, եւ օգտվել գործող հարկային արտոնյալ ծրագրերից»,- ասել է Բախտաձեն։

Վարչապետը չի հստակեցրել, թե որոնք են այդ երկրները, բայց նշել է, որ Վրաստանը այս կերպ բիզնես ձեւակերպելու հնարավորություն կտա բոլոր զարգացած երկրներին։

Համապատասխան փոփոխությունները մոտակա ժամանակներս կուղարկվեն տնտեսական բոլոր հաստատություններ եւ խորհրդարան։

Բախտաձեն հույս է հայտնել, որ էլեկտրոնային ռեզիդենտի գործառույթը կգործարկվի արդեն 2019թ․ հունվարի 1-ից։